Երևանի սրտում հոգևոր ներկայություն. օծվեց կաթողիկոսական նստավայրի հարևանությամբ կառուցված Սբ Աննա եկեղեցին
SocietyԵրևանի սրտում` Սուրբ Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցու կողքին, կառուցված Սուրբ Աննա եկեղեցին օծվեց: Արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահը, առաջին տիկինը, նախարարներ, եկեղեցու կառուցումը հովանավորած բարերարները, այլ քաղաքացիներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` օծման կարգն իրականացվեց ձեռամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Արարատյան Հայրապետական թեմի փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը օծման արարողությունից հետո իր երախտագիտությունը հայտնեց բարերարներ Հրայր և Աննա Հովնանյաններին: Նրա խոսքով` գաղտնիք չէ, որ Կաթողիկե եկեղեցին, որը 13-րդ դարի կառույց է, շատ այլ եկեղեցիների ճակատագրին արժանանանելով, հանդիպել է խորհրդային իշխանությունների անբարեհաճ վերաբերմունքին:«Կաթողիկե եկեղեցում սուրբ պատարագին մասնակցողներն իրենք կարող են վկայել, որ եկեղեցին շատ փոքր էր համայնքի բոլոր անդամներին իր մեջ առնելու համար: Ուրախ ենք, որ Սուրբ Աննա եկեղեցու կառուցմամբ` այլևս մեր հավատավոր ժողովուրդը պետք է կարողանա մասնակցություն բերել սրբազան պատարագին եկեղեցու լուսեղեն հովանու ներքո:
Յուրաքանչյուր նոր եկեղեցի, որ կառուցվում է, հոգևոր ուրախություն ու խինդ է պարգևում հավատավոր ժողովրդին»,-նշեց Վեհափառը:Գարեգին Երկրորդը հայ ժողովորդի պատմությունը նմանեցրեց Կաթողիկե եկեղեցու անցած ճանապարհին` նշելով, որ ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ Կաթողիկե եկեղեցին դաժան օրերի միջով են անցել:
«Երկուսին էլ փորձել են վերացնել, սակայն երկուսն էլ կանգուն են մնացել ու շարունակել իրենց կյանքի ընթացքը»,-ավելացրեց Ամենայն Հայոց կաթողիկոսը:Սուրբ Աննա եկեղեցու և դրան կից Վեհարանի կառուցումը հովանավորած Հրայր Հովնանյանը հրաշք է համարում այն, որ ներդրում է ունեցել նման կառույցների ստեղծմանը:
«Հազվագյուտ բան է, որ կպատահի անհատի հետ, մանավանդ ինձ հետ, որ ծնվել եմ Իրաքում, հետո ապրել ԱՄՆ-ում, ԱՄՆ-ից եկել հայրենիք` Հայաստան: «Շենք կառուցես ու եկեղեցի լինի, Վեհափառի նստավայր լինի, հրաշք է: Իմ տիկնոջ անունն էլ է Աննա, ես նրա զգացումները կարող եմ արտահայտել, կինս հավատացյալ անհատ, նա հավատում է ուժին, ու այդ ուժը նրան կփրկի»,-ասաց բարերար Հրայր Հովնանյանը:Հոգևոր կառույցի ճարտարապետ Վահագն Մովսիսյանի համար եկեղեցի կառուցելու առաջին փորձն էր, որը կատարել է մեծ պատասխանատվությամբ:
«Շատ պատասխանատու առաջադրանք էր ինձ համար, քանի որ ես ինքս էլ քրիստոնյա եմ: Որոշակի ուսումնասիրություն էր պետք իրականցնել, երեք-չորս տարվա մեջ ներգրավվեցի հոգևոր թեմաների մեջ: Գործը հետաքրքիր էր ինձ համար»,-նշեց Վահագն Մովսիսյանը:
Նրա խոսքով` եկեղեցին հայկական ավանդական ոճի մեջ է` համադրված որոշակի նորամուծություններով: «Խորանների առումով Սուրբ Աննա եկեղեցին որոշակի նմանություն ունի Ղասի եկեղեցուն: Աջ և ձախ կողմերում կամարաձև վիտրաժներ օգտագործելով` փորձել ենք նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ նմանությունը պահպանել: Այնպես ենք արել, որ նորակառույց Աննա եկեղեցին, գրկի փոքր եկեղեցուն, մի քիչ հետ ենք քաշել, որ առաջնահերթ լինի Սուրբ Աստվածածին եկեղեցին»,-հայտնեց ճարտարապետը` հավելելով, որ աշխատել են երկու կառույցների ներդաշնակությունն ապահովել:Բացի այդ ճարտարապետն առաջնորդվել է թամանյանական ոճով, որպեսզի հետագայում կոնտրաստային խնդիր չառաջանա:
Վահագն Մովսիսյանի տեղեկացմամբ` եկեղեցու նախագծային աշխատանքները կատարվել են մեկ տարվա ընթացքում, իսկ ընդհանուր շինարարությունը տևել է չորս տարի: Երևանի կաթողիկոսական նստավայրը երկհարկ կառույց է, որի երկրորդ հարկում տեղակայված են գրադարան և ճեմասրահ:Տեր Ավետիս քահանա Դանիելյանը, ով Կաթողիկե եկեղեցու հոգևոր սպասավորն է, նշեց. «Ամեն ինչ շատ համահունչ ու գրագետ է արված: Այս փոքրիկ մատուռը շատ մարդ է գալիս ու այն այս համայնքի համար փոքր էր: Մենք ձմռանը մսրում էինք, ամռանը` շոգում, բայց Փառք Աստծո, որ այս եկեղեցին ունեցանք ու ավելի հեշտ կլինի ծառայություն բերել ժողովրդին»: