Թուրք-ադրբեջանական ներկայությունը Վրաստանում` ազգային անվտանգության խնդիր է. Շիրակ Թորոսյան
InterviewՎրաստանի վարած թուրքասեր այսօրվա քաղաքականության եւ դրանից բխող հետեւանքների մասին Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի հետ.
-Պարոն Թորոսյան, վերջին շրջանում Վրաստանի` իրեն հարեւան Հայաստանի եւ Թուրքիայի հետ տարվող «հավասարակշիռ» քաղաքականությունը կարծես էլ ավելի նկատելի է դառնում: Վերջիվերջո, այն ի՞նչ լուրջ խնդրի առաջ կկանգնեցնի Վրաստանին:
-Վրաստանը մինչ օրս լավ հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ` ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից: Վրաստանն աշխատում է հավասարակշռող քաղաքականություն վարել Հայաստանի եւ թուրք-ադրբեջանական տանդեմի միջեւ: Այդ հավասարակշռող քաղաքականության մի դրսեւորումն էլ այն է, որ Վրաստանը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Նրանց շահերի տեսանկյունից` Վրաստանի քայլերն ինչ որ տեղ անգամ հասկանալի են, որովհետեւ տվյալ պետությունում այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը հսկայական ծավալների ներդրումներ են կատարել: Ասեմ, որ թուրք-ադրբեջանական ներկայությունը Վրաստանում, իմ կարծիքով, ազգային անվտանգության խնդիր է, քանի որ Վրաստանի նախորդ իշխանությունները, որդեգրելով արեւմտյան կողնորոշում, հայտնվեցին թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսաքաղաքական շահերի տիրույթում: Ստացվեց այնպես, որ հսկայական ներդրումները նաեւ ստրատեգիական կարեւոր ոլորտում բերեցին նրան, որ Վրաստանն այսօր բավական կաշկանդված վիճակում հայտնվեց: Իմ կարծիքով` Վրաստանի իշխանությունները հիմա արդեն փորձում են փոքր ինչ մեղմել ադրբեջանական տնտեսական ներկայությունը Վրաստանում: Պետք է նշեմ, որ դա հեշտ գործ չէ, որովետեւ տարիների ընթացքում կերտած քաղաքականությունը մեկ օրում չես փոխի:
-Ի՞նչ եք կարծում, ընդհանուր շահեր ունենալով ցեղասպանություն իրականացրած պետության հետ, Վրաստանը երբեւէ կընդունի՞ Հայոց ցեղասպանությունը:
-Կարծում եմ, որ Վրաստանն այնուամենայնիվ որոշակի դիրքորոշում ցուցաբերեց, քանի որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Վրաստանն այստեղ ներկայացված էր խորհրդարանի փոխխոսնակի մակարդակով: Նրանց պատվիրակության մեջ կային մի խումբ պառլամենտականներ: Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանը խորհրդարանական կառավարման երկիր է` կարող ենք ասել, որ փոխխոսնակի այցը բավական բարձր մակարդակ է: Նշեմ, որ շինծու գալիպոլյան միջոցառումներին ներկա է գտնվել Վրաստանի պաշտպանության նախարարը:
-Կարելի՞ է ասել, որ Թուրքիան Վրաստանում կատարած իր ներդրումներով պարզապես թակարդի մեջ գցեց Վրաստանին:
-Ասեմ, որ Թուրքիան ու Ադրբեջանը միասին փորձեցին Հայաստանը մեկուսացնել ինչպես տարածաշրջանային տնտեսական, այնպես էլ քաղաքական ծրագրերից: Ինչ որ տեղ այդ երկյակի ծրագիրը հաջողության հասավ: Վրաստանի հակառուս քայլերն էլ թուրք-ադրբեջանական ջրաղացին ջուր լցրեցին:
Կարծում եմ, որ Վրաստանի հատկապես այսօրվա իշխանությունները քաջ գիտակցում են, որ թուրքական ուժի ներկայությունը Վրաստանում տվյալ պետության վաղվա օրվա ազգային անվտանգության խնդիրն է: Ամեն ինչ պետք է արվի, որ սեփական երկրում պահպանվի ինքնիշխանությունը:
Սոսե Չանդոյան