Սա թրաֆիքինգ է սեփական երկրում. նաիրիտցիներն անցկացրեցին հերթական բողոքի ակցիան
InterviewԱյսօր` Մայիսի 1-ին, երեւանյան փողոցները խիստ մարդաշատ են. առօրյա հոգսերի մեջ «թաղված» հասարակության մի մասը ոչ աշխատանքային օրն անց է կացնում հաճելի միջովայրում` սրճարաններում եւ ժամանցի այլ վայրերում: Սա իհարկե ոչ բոլորին է վերաբերում:
Այսօր վաղ առավոտից Ազատության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում «Նաիրիտ» գործարանի արդեն նախկին աշխատակիցները:
Աշխատավորների տոնին ոչ համահունչ գոչերով գործազուրկները պահանջում էին ժամանակի ընթացքում կուտակված եւ չվճարված աշխատավարձը: Ստեղծված իրավիճակի մեջ Ազատության հրապարակում հավաքված մարդիկ մեղադրում են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն վերջիններս գտնում են, որ մինչ օրս անցկացվող հանհարավաքների պատճառ է հանդիսանում նաեւ ներկայիս կառավարությունը:
«Ներկայիս կառավարությունը նույնպես թքած ունի մեզ վրա: Տիգրանը քաշեց ու թալանեց մեզ, Հովիկն էլ չգիտես ինչու չի ցանկանում օգնել մեզ, սա թրաֆիկինգ է` սեփական երկրում». Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Աննա Ավագյանը:
Հավաքվածներից Լենա Սիմոնյանն էլ ասաց. «Արդեն հոգնել ենք ու զզվել: Ես ինչի՞ պետք է աշխատեմ ու դրա դիմաց չվճարվեմ: Ինձ չի հետաքրքրում, թե ով է վճարելու, թող մի բան անեն, մեղք են էս մարդիկ, չի կարելի ժողովրդին նսեմացնել ու տանջել»:
Ազատության հրապարակում կրքերը թեժ էին, իսկ նաիրիտցիները խիստ պահանջատեր, բայց թե արդյո՞ք հավաքված հանրությունը կհասնի իր ուզածին, թերեւս, ոչ ոք չի կարող ասել, քանի որ մերօրյա իրականության մեջ նմանատիպ լուրջ խնդիրներն իշխանությունների համար մանրուք են համարվում:
Սոսե Չանդոյան