Կարևոր է, որ միջազգային դիտորդները շատ պատմեն իրենց տեսածի մասին. Կ.Աճեմյանը՝ Արցախի ընտրությունների մասին
PoliticsՄայիսի 3-ին Արցախում վեցերորդ անգամ կայացան խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններին բնակչության մասնակցությունը կազմել է 70,6 տոկոս: Տեղական և միջազգային դիտորդները բարձր են գնահատել ընտրությունների անցկացման մակարդակը:
Կիսվելով ընտրություններից ստացած տպավորություններով՝ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն Orer.am-ին ասաց. «Երկրորդ անգամ եմ դիտորդական առաքելությամբ մեկնում Արցախ: Մենք եղանք Ասկերանի շրջանում, մի շարք գյուղերում, Շուշիում: Պետք է ասեմ, որ բավականին հանգիստ մթնոլորտում անցան այս ընտրությունները: Նույնիսկ՝ տոնական մթնոլորտում, որովհետև շատ խաղաղ և ժպիտներով լի էր այդ ամենը:
Շատ եմ կարևորում դիտորդների առաքելությունը: 100-ից ավելի դիտորդ կար, որոնք եկել էին աշխարհի 25 երկրներից: Տարբեր տեղամասերում հանդիպել եմ նրանց: Բոլորս միասին արձանագրել ենք, որ որևէ խախտում, տհաճ միջադեպ չի եղել: Շատ կարևոր է, որ միջազգային դիտորդները իրենց գնահատականները և ձայնը բարձրացնեն, իրենց տեսածի մասին շատ պատմեն, որովհետև իրականում ավելի ժողովրդավար, ավելի թափանցիկ ընտրություններ երևի չեն եղել:
Ընտրությունները համարում եմ կայացած, քանի որ դրսևորվում է ժողովրդի կամքը, ուրվագծվում է քաղաքական դիմագիծ, և ժողովրդավարական զարգացման առումով Արցախը մեծ քայլերով առաջ է գնում»:
Լևոն Փանոսյան