Հնարավոր է` Ռուսաստանն այս օրենքին բացասական արձագանքի, բայց դա մեր իրավունքն է. Լեռնիկ Ալեքսանյան
Politics«Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ դրանից բխող բացասական եւ դրական հետեւանքների մասին Orer.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ.
-Պարո՛ն Ալեքսանյան, ՀՀ կառավարության կողմից ներկայացված օրենքներում փոփոխությունների իրականացումը բավականին բուռն եւ հիմնականում բացասական արձագանքի արժանացավ: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ովքեր փորձում են քննադատել, ասեմ, որ այդ մարդիկ օրենքը պարզապես լավ չեն կարդացել: Ասեմ նաեւ, որ օրենքը վատը չէ: Այն չի վերաբերում մարդկանց, ովքեր արտագաղթել կամ արտագաղթում են: Խոսքը վերաբերում է այն կազմակերպությանը կամ կազմակերպություններին, որոնք գրանցված են Հայաստանում եւ արտերկրում իրականացնում են ժամանակավոր աշխատանք: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ժամանակին մենք ունեինք շատ հզոր շինարարական կազմակերպություններ, որոնք այսօրվա դրությամբ աշխատում են արտերկրում: Ինչ խոսք, շատ ավելի լավ կլինի, որ այդ կազմակերպությունները վճարեն հարկեր մեր երկրին:
-Արդյո՞ք օրենքում կատարված փոփոխություններն ուղղված են հայաստանյան իշխանություններից մազապուրծ եղած եւ Ռուսաստանում խոշոր բիզնեսով զբաղվող հայ գործարարների դեմ:
-Ո՛չ, խոսքը նրանց մասին չէ, քանի որ այդ խոշոր գործարարներն այնտեղ եւս ունեն գրանցված կազմակերպություններ: Խոսքը հայաստանյան այն կազմակերպությունների մասին է, որոնք արտերկրում փորձում են աշխատանքներ իրականացնել: Նրանք այլ պետության են հարկ մուծում, լավ կլինի մեզ վճարեն:
-Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արձագանքը այս ամենի հետ կապված:
-Իհարկե, օրենքում կատարված այս փոփոխությունը ձեռնտու չէ Ռուսաստանին եւ ոչ միայն տվյալ պետությանը: Ցանկացած երկիր էլ կցանկանա, որ հարկերը մուծվեն իր երկրում:
Լինելով ԵՏՄ անդամ` Հայաստանում գրանցված կազմակերպությունները կհարկվեն Հայաստանում: Հնարավոր է, որ Ռուսաստանն այս օրենքին բացասական արձագանքի, բայց դա մեր իրավունքն է:
-ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը տվյալ թեմայի հետ կապված նշել է, որ օրենքում նման փոփոխություն անելու համար պետք է ունենանք համաձայնագիր:
-Այս պարագայում համաձայնագիր ունենալ պետք չէ: Նման հարցերը միջազգային համաձայնագրերով են կարգավորվում: Եթե կազմակերպությունը պայմանագիր է կնքում, ապա դա արդեն համարվում է համաձայնագիր: Այս քայլն ընդամենը կազմակերպվածության ուժեղացում է:
Սոսե Չանդոյան