Եթե մեղավոր է` պետք է պատասխանատվություն կրի, կապ չունի Սուրեն Խաչատրյանի որդին է, թե այլ մեկը. Գալուստ Սահակյան
PoliticsՕրերս լրատվամիջոցների քննարկման թեժ թեմաներից մեկն էր մայիսի 2-ին` ժամը 16.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս անգամ եւս «կինոյի միջի տղայի» դերում հանդես է եկել Սյունիքի մարզպետ, պատմափիլիսոփայական գիտությունների թեկնածու, «մեծն մտածող», ինչու ոչ նաեւ ապագա բանաստեղծ եւ աշուղ Սուրեն Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանը:
Չնայած նրան, որ օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեփական օրենսգրքի կանոններով շարժվող մարզպետը փորձեց իրեն միամիտի տեղ դնելով հերքել իր որդու մասնակցությունը վերը նշված միջադեպին, այնուամենայնիվ, ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված փաստերը խոսում են ճիշտ հակառակի մասին:
Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության` դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հ. Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տ. Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաեւ այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ. Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք:
Հիշեցնենք, որ Հ. Զաքարյանին չի փրկել անգամ շուտափույթ կերպով իրականացրած վիրահատությունը: Նրա ծնողի խոսքերով` Զաքարյանն ունի մարմնական այլ վնասվածքներ եւս, սակայն դրանք, թերեւս, մղվել են երկրորդ պլան, առաջնահերթ է աչքի լույսի վերականգնումը, որի համար էլ նրանք կմեկնեն արտերկիր:
ՀՀԿ կարկառուն ներկայացուցչի եւ նրա հայտնի որդու հերթական «գլուխգործոցի» մասին Orer.am-ը մեկնաբանություն ստացավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից.
«Ես տեղեկատվություն չունեմ ո'չ միջադեպից, ո'չ էլ քրեական գործից: Երբ ինչ-որ տեղեկատվություն ունենամ հնարավոր շրջանակներից, նաեւ կունենամ բնութագրեր այդ առումով, նոր կպատասխանեմ ձեր հարցերին: Ասեմ, որ, առհասարակ, բռնություններին շատ վատ, շատ մերժողական եմ վերաբերվում: Բռնությունը չարիք է, ցեղասպանությունն ինքը հենց բռնություն է»:
Հարցին, թե մարդիկ որքա՞ն պետք է հանդուրժեն Խաչատրյաններին եւ արդյո՞ք նրանց հարկավոր չէ մեկուսացնել հասարակությունից, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ներելը վատ բան չէ, սակայն չեմ կարծում, որ իրավաբանորեն ներել հնարավոր է: Չեմ կարծում, որ Սահակյանների ընտանիքը պետք է մեկուսացվի հասարակությունից»:
Նա նաեւ հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները բոլորի համար են` անկախ պաշտոնից ու անվան հնչեղությունից. «Օրենքն անխտիր բոլորի համար է, կապ չունի Սուրեն Խաչատրյանի որդին է, թե այլ մեկը, եթե մեղավոր է պետք է պատասխանատվություն կրի»:
Սոսե Չանդոյան