Գորիսի ծեծկռտուքը վրդովվեցրել է ԱԺ պատգամավորներին
InterviewԻնչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 2-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցած միջադեպի` կազմակերպված ծեծկռտուքի մեջ, ըստ ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարության եւ տուժող Հ. Զաքարյանի մոր խոսքի` մասնակցություն է ունեցել նաեւ մարզպետ Սուրեն Խաչատրյանի «լեգենդար» որդի Տիգրան Խաչատրյանը:
Նշենք, որ մամուլում տարածված տեղեկատվության համաձայն` հանցագործության բացահայտման, օբեկտիվ եւ ամբողջական քննություն իրականացելու համար իրավապահ մարմինները բաժին են հրավիրել Տ. Խաչատրյանին, սակայն վերջինս կարծես թե «չքացել» է:
Մինչ համապատասխան բաժնի աշխատակիցները կփորձեն գտնել եւ բերման ենթարկել մարզպետի որդուն` Orer.am-ն իր ընթերցողներին կներկայացնի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների արձագանքը` վերը նշված միջադեպի հետ կապված.
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը զրույցի ընթացքում նշեց, որ Գորիսի դեպքը ո’չ առաջինն է եւ ո’չ էլ վերջինը. «Նման դեպքերը շարունակվելու են, քանի որ մեր երկրում գործում է անպատժելիության մթնոլորտ, եւ քանի դեռ Հայաստանում պաշտոնյայի որդի, ազգական կամ բարեկամ տարբերակը գործում է, նման դեպքերից հնարավոր չէ խուսափել: Նման դեպքերի կիզակետում հայտնված մարդկանց մշտապես թվում է, թե իրենք անձեռնմխելի են: Քանի դեռ այս անհասկանալի բանաձեւը գործում է, ամեն ինչ նույն կերպ է ընթանալու: Այդ դեպքը ո’չ 10-րդն է, ո’չ 100 կամ 1000-րդն է լինելու. դրանք շարունակվելու են»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ պետական մարմինները պետք է իրենց լիազորությունների շրջանակներում անեն առավելագույնը` գործի լրիվ օբյկետիվ և բազմակողմանի քննության ապահովման համար. «Ցանկացած անօրինական երեւույթի` բռնության, սպառնալիքի, պետք է օրենքով սահմանված կարգով գնահատական տրվի, իսկ մեղավորներն էլ պետք է պատժվեն` անկախ այն բանից, թե ովքեր են եւ ինչ չափով են ներգրավված: Այս տեսանկյունից բացառություն չէ նաեւ Գորիսում տեղի ունեցած միջադեպը: Այս առումով այն համոզմունքն ունեմ, որ իրավասու պետական մարմինները պետք է իրենց լիազորությունների շրջանակներում անեն առավելագույնը` գործի լրիվ օբյկետիվ և բազմակողմանի քննության ապահովման համար և լիարժեքորեն տան բոլոր հարցերի պատասխանները` դեպքին այս կամ այն անձի մասնակացության ներգրավվածության և մեղավորության առնչությամբ» :
Իսկ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ գտնում է, որ աղմկահարույց դեպքերի կիզակետում կարելի է հայտնվել պատահաբար մեկ կամ միգուցե երկու անգամ, սակայն երբ դեպքերի թիվը եւ դրանց մեջ մասնակցությունը շատանում են, ապա դա վկայում է մեկ այլ բանի մասին. «Բռնությունները միայն եւ միայն կարելի է դատապարտել: Երբ բռնությունների շարունակությունը մի քանի անունների հետ է կապվում, ապա դա խոսում է միայն եւ միայն անպատժելիության մասին: Նշեմ, որ այդ մթնոլորտը կարող է ձեւավորել մի իրավիճակ, որտեղ մարդն անընդհատ հայտնվում է նույն պատմությունների մեջ: Իհարկե, մեկ կամ երկու անգամ մարդկանց անունը սխալմամբ հնարավոր է կապել ինչ որ միջադեպի հետ, սակայն, երբ դա մի քանի անգամ է կրկնվում հասկանում ես, որ իրականում լուրջ խնդիրներ կան:
Այս խնդրի հետ կապված միակ կոչս կլինի այն, որ մեր իրավապահները փորձեն անաչառ քննություն վարեն` թույլ չտալով, որ որեւէ կասկած առաջանա քննության թափանցելիության հետ կապված: Բոլոր մեղավորները պետք է ստանան պատիժ, որ նմանատիպ երեւույթներն այլեւս չկրկնվեն, որովհետեւ թեկուզ մեկ օր անց կարող է հենց նույն իրավապահի կամ նրա բարեկամների հետ նման դեպք պատահել: Իրավապահները սեփական ցավով պետք է գնահատեն իրավիճակը: Իրավապահները լավ գիտեն, որ եթե նման հանցագործությունները մնում են անպատիժ, ապա դրանք կարող են կրկնվել: Իհարկե, մեղավորին ճանաչում է միայն դատարանը, եւ պետք է հարգել անմեղության կանխավարկածը եւ սպասել դատարանի վճռին»:
Սոսե Չանդոյան