Ո՞ր պետությունները կկանգնեն Հայստանի կողքին, երբ Ադրբեջանը ստանա «ֆասի» հրաման
PoliticsՈրքան էլ տարօրինակ է, այնուամենայնիվ, փաստ է, որ մայիսյան տոների նախօրյակին եւ դրանից հետո մեզ հարեւան եւ թշնամի պետության կողմից իրենց բնույթին եւ գործելաոճին համապատասխան քայլեր չձեռնարկվեցին: Խոսքը դիվերսիոն գործողությունների եւ խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ արձակելու մասին է:
Թե որո՞նք են ազերիների ոչ այդքան թուրքական պահվածքի պատճառները, Orer.am-ին պարզաբանեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը.
«Ադրբեջանի նախագահը հրավերն ընդունել ու գնացել էր Մոսկվա: Այդ իսկ պատճառով էլ վերջինիս ձայնը չի լսվում: Այսքանից հետո արտաքին քաղաքական դաշտում իրենք իրենց պետք է ճիշտ դրսեւորեն եւ որպես խաղաղության կողմնակից՝ ձեւական հանդես գան»:
Տարածված այն տեսակետին, որ Ադրբեջանը այս պահին որեւէ քայլ չի ձեռնարկում, քանի որ սպասում է Ռուսաստանի կողմից հրահանգին, քաղաքագետը հակադարձեց.
«Կան մարդիկ, ովքեր նման տեսակետներ են տարածում, թե իբր Ադրբեջանը սպասում է Ռուսաստանի հրահանգին: Ասեմ, որ նման բան պարզապես գոյություն չունի: Այն մարդիկ, ովքեր Ռուսաստանի հասցեին նման լուրեր են տարածում, ապշեցնում են ինձ: Դե որ այդպես է թող ասեն՝ ո՞վ է հրաման արձակում մաքրել հայերին Սիրիայից եւ ո՞վ է այդ ծրագրի իրականացման համար ֆինանսավորում հատկացնում»:
Հարցին, թե ո՞ր պետությունն առաջին հերթին Հայաստանի կողքին կկանգնի, երբ հարցը հասնի պատերազմին, Սերգեյ Շաքարյանցը նշեց. «Մենք գիտենք, որ նույն Սիրիայի դեպքերում քրիստոնյաներիս կողքին կանգնել են ռուսները, պարսիկները:
Եթե Թուրքիան եւ ԱՄՆ-ն հրահանգեն Ադրբեջանին պատերազմ հրահրել, ապա դա տեղի կունենա, սակայն այս պարագայում նրանք լավ գիտեն, որ Պարսկաստանը լուռ չի մնալու, որովհետեւ հակամարտության գոտին սահմանամերձ է նրանց: Նրանք պարզապես վախենում են Պարսկաստանի արձագանքից»:
Սոսե Չանդոյան