Ադրբեջանը շատ զգույշ է Ռուսաստանի հետ հարաբերություններում
InterviewԼինել լռակյա՞ց, թե՞ ճչալ ու աղաղակել աշխարհին այն մասին, որ թուրք ժողովուրդը դեմ է քաղաքակիրթ երկրների կողմից Հայոց ցեղասպանության հարցի ճանաչմանը… Դատելով Թուրքիայի վարած քաղաքականությունից՝ տեսնում ենք, որ էրդողանյան կլանը չի պատրաստվում լռել, սակայն հետաքրքիր է, որ ի հեճուկս մեծ եղբոր վարած քաղաքականության՝ Ադրբեջանը «ձկան պես լուռ է»:
Թե ինչով է պայմանավորված թուրքական մի երկու երկրների կողմից վարվող խիստ տարբեր քաղաքականությունը, Orer.am-ը ճշտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանից.
«Ինձ համար զարմանալի չէ. դա թուրքական դիվանագիտության կլասիկ արտահայտումն է: Նրանք միշտ պատրաստ են հոխորտալ, գոռգոռալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի վրա: Ասեմ, որ իմ կարծիքով՝ Թուրքիան իր հաշվարկներում սխալ է, որովհետեւ ցեղասպանության համաշխարհային ճանաչումը ուղղակի շոկի մեջ է գցել եւ՛ Էրդողանին, եւ՛ Թուրքիայի կառավարող շրջանակներին: Այս պարագայում Ադրբեջանի պասիվությունը շատ հասկանալի է. Հայոց ցեղասպանության ճանաչման ֆոնին նա փորձում է հադես չգալ որպես Թուրքիայի վասալ պետություն»:
Պատգամավորը նաեւ նկատեց, որ Ադրբեջանը բավական զգույշ է Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններում. «Ադրբեջանը շատ զգույշ է Ռուսաստանի հետ հարաբերություններում: Քանի որ Մայիսի 9-ից բացի նախապատրաստական աշխատանքներ էին գնում նաեւ Ռուսաստանում, Ադրբեջանը որոշեց զուսպ մնալ: Այնպես չէ, որ նա դիվերսիաներ չիրականացրեց հայերի համար: Իմ խորին համոզմամբ՝ դա Ռուսաստանին դուր գալու Ադրբեջանի հերթական քայլն է:
Որքան Հայաստան-Ադրբեջան-Ղարաբաղ մեր հարաբերությունները մնան այս վիճակում, այնքան քաղաքական նման խաղերը շարունակվելու են: Մի պահ սահմանին վիճակը կսրվի, մի պահ կհանդարտվի: Նրանք սպասելու են հարմար պահի, որ ռազմական գործողություններ սկսեն մեր դեմ: Վերջերս նրանց փորձագետներից մեկը, ով բավական ճանաչված է, հանդես է եկել մի հայտարարությամբ, որտեղ ասել է, որ այսօրվա դրությամբ իրենց բանակը կարող է հաղթել Հայաստանի ու Արցախի բանակներին: Թե որքանով է ճիշտ կամ սխալ, չենք քննարկում, որովհետեւ նա նաև մեկ այլ կարեւոր հայտարարություն է արել. այն է՝ հարց է կթողնե՞ն արդյոք որոշ պետություններ, որ իրենք իբր թե հաղթեն հայերիս». նշեց պատգամավորը:
Սոսե Չանդոյան