Պալաչը վերջնականապես ջախջախեց Ծառուկյանին. նախկին «հսկայից»՝ «ռայոնի դեպուտատ»
AnalysisԺուկով ժամանակով մի թագավոր տղա կար՝ Գագիկ Առյուծասիրտ Առինջեցին, ով հանուն իր ժողովրդի ուրախ էր, որ այնտեղ է, մեր (նրանց) կողքին կանգնած: Ավելին, այդ ուրախությունը այնքան աճեց, որ վերաճեց ներիշխանական բախման և փոխադարձ հոխորտալից հայտարարությունների: Եվ եղավ այն, ինչ եղավ, ընդամենը ժամերի ընթացքում Սերժ Սարգսյանից երկիրը ազատագրող և Հայաստանում հեղափոխական շարժումը փողոցներում հեղող առյուծը սուսիկ փուսիկ հեռացավ՝ քաղաքական երկնակամարում այնպիսի չնչին հետագիծ գծելով, որը հնարավոր չէ արտահայտել աստղագիտական որևէ տերմինոլոգիայով:
Սակայն քաղաքականությունից այդքան շռնդալից ու պատվով հեռացած (չէ, ինչ հեռացած դաժանաբար հեռացված) Գագիկ Ծառուկյանը չէր կարող հանդուրժել, որ իր սեփական «բոստանի» վերածված Աբովյանում առանց իր իմացության հարցեր լուծվեն: Եվ նախկին խիստ սկզբունքային ընդդիմադիրը լեզու գտավ իրեն ամենավերջին լուտանքներով հիշած կուսակցության ներկայացուցիչների հետ և իր օգնականի համար կարողացավ ապահովել ՀՀԿ աջակցությունը, մի երևույթ, որ հավասարապես խոսում է թե առաջին, թե երկրորդ կողմի բարոյական նկարագրի մասին՝ առաջինի՝ ՀՀԿ-ի կրոնը այդքան խոնարհաբար ընդունելու, իսկ երկրորդի՝ իրենց կուսակցին գցելու համար:
Եթե ներիշխանական սոլիդարության տեսակետից Ծառուկյանի լեզու գտնելը ՀՀԿ-ի հետ ինչ որ տեղ հասկանալի էր՝ նրա հետագա սարսափահար քայլերը խղճահարության զգացողություն են առաջացնում: Այս խիստ առյուծասիրտ անձնավորությունը հայտնվել է այնքան խղճուկ և թույլ իրավիճակում, որ Աբովանի քաղաքապետի ընտրություններում իր հովանավորյալ Վահագն Գևորգյանի հաղթանակն ապահովելու համար դիմել է խղճահարություն առաջացնող քայլի՝ գտել է իր թեկնածուին հիմնական մրցակից Արթուր Հարությունյանի՝ Պալաչի անուն-ազգանուն-հայրանունով մի մարդ և գրանցել որպես քաղաքապետի թեկնածու՝ ձայներ փախցնելու նպատակով:
Պատկերացնու՞մ եք Ծառուկյանի խղճուկ վիճակը: Նա այլևս այնքան է զրկված իր ժողովրդի վստահությունից, որ անգամ ավանդաբար իր ազդեցության գոտի համարվող քաղաքում դիմում է նման քայլի, որպեսզի մի կերպ ապահովի իր հովանավորյալի հաղթանակը: Անգամ հարազատ կուսակցության՝ ՀՀԿ-ի աջակցությունից զրկված Պալաչը, փաստորեն, այն աստիճանի է սարսափահար արել Ծառուկյանին ու նրա թիմին, որ անգամ մի քանի ձայն փախցնելը Ծառուկյանի համար օրվա գերխնդիր է դարձել:
Մինչդեռ ժամանակին նա առյուծ տղա էր, հարց լուծող, և իր մեկ բառն անգամ բավական էր, որ Կոտայքի մարզի և, ինչու չէ, հանրապետության որևէ համայնքում ընտրությունների արդյունքներ կանխորոշվեին: Այսօր, սակայն, Պալաչը դարձավ այն ուժը, որը Ծառուկյանին ջախջախեց վերջնականապես: Անկախ նրանից՝ ով կդառնա Աբովյանի քաղաքապետ, Ծառուկյան երևույթը վերջնականապես պարտված է: Այն, ինչ այժմ անում է նա, հարիր է որևէ «ռայոնում» մի քիչ մեծ ազգ ունեցող պատգամավորին, բայց ոչ երբեք նախկին «հսկային»:
Եվ վերջում, ևս մեկ փաստ, թե ինչպես Ծառուկյանը վերադարձավ իր շատ սիրելի հանրապետական իշխանության գիրկը: Ծառուկյանի թիկնազորը Աբովյանում բողոքի ակցիայի ժամանակ բռնություն է գործադրել լրագրողների նկատմամբ: «Աբովյան» հեռուսաընկերության տնօրենը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ իրենց հեռուստաընկերության լրագրողների նկատմամբ բռնություն է գործադրվել՝ խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը:
Աբովյանի շուկայի մի շարք առևտրականներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող նորակառույց «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի: Ակցիայի ժամանակ Ծառուկյանի թիկնազորը բռնություն է կիրառել առեւտրականների եւ ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ: Սա այն մարդու նկարագիրն է, ով ընդամենը ամիսներ առաջ կանգնած էր ժողովրդի շահերի պաշտպանության առաջին շարքերում: Ահա թե ինչ արագությամբ նախկին ընդդիմադիրը հարմարվեց իրեն հարիր իշխանական բարքերին...
Այնպես որ՝ բարի գալուստ պայծառ անցյալ...
Վարուժան Բաբաջանյան