Սուրիկ Խաչատրյանին վերանշանակելն իշխանության ամենամեծ սխալն էր. Ս.Սաֆարյան
Politics«Սյունիքում տիրող իրավիճակը անպատժելիության հետեւանք է»,- այս մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց քաղաքագետ, «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
Ս.Սաֆարյանին այլեւս չեն զարմացնում Սյունիքում տեղի ունեցող՝ մեկը մյուսից աղետալի հետեւանքներով դեպքերը. «Եթե իրավապահ մարմինները Բուդաղյանների դեպքի ժամանակ կանգնեցին ու հայտարարեցին, որ Խաչատրյաններն ինքնապաշտպանվել են` այն պարագայում, երբ մարդ էր մահացել, ապա ի՞նչ եք ուզում հիմա: Երբ գործող իշխանությունը հայտարարում է, որ ով էլ լիներ, ինքնապաշտպանություն պետք է իրականացներ, ապա այս դեպքում հետեւանքը պետք է սա լիներ: Ասեմ, որ այդ հայտարարությունը շատ ոգեւորիչ էր տվյալ ընտանիքի համար, որն առանձնապես աչքի չի ընկել իր օրինապահությամբ»:
Ըստ քաղաքագետի՝ եթե այս միջադեպը եւս կոծկվի, ապա դա կլինի հերթական մեծագույն սխալը: Հարցին, թե ո՞րն էր առաջին սխալը, որն իրականացրեց գործող իշխանությունը, ու որի հետեւանքներն այսօր բոլորս ենք քաղում, Ս.Սաֆարյանը պատասխանեց. «Մեծագույն սխալներից մեկն այն էր, որ Սուրիկ Խաչատրյանին վերանշանակեցին Սյունիքի մարզպետի պաշտոնում: Որքան մարդիկ մեղադրանք կուղղեն Սուրիկ Խաչատրյանին եւ նրա տղային, նույն ձեւով եւ նույն պահանջով կարող են դիմել իշխանություններին, որովհետեւ այս ամենի համար պատասխանատու են Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որոնք նույնիսկ խրախուսել են նոր հանցագործությունը: Իմ հիասթափությունը սահման չուներ, երբ Սուրեն Խաչատրյանը վերանշանակվեց Սյունիքի մարզպետ, այդ քայլը մեր հանրապետության վերջին տարիների ամենաանպատկառ նշանակումն էր»:
Իսկ թե արդյո՞ք սյունեցիները ունեն պայքարի միջոցներ` ազատվելու համար հանցավոր խմբավորումներից եւ նմանատիպ անձանցից, Ս.Սաֆարյանը նկատեց. «Մարդիկ ինչպե՞ս ու ու՞մ առաջ ոտքի կանգնեն, երբ իշխող կուսակցությունը նկատելիորեն մի մեծ հովանոց է փռել Խաչատրյանների վրա: Մարդիկ տեսնում են, որ մարզպետի ընտանիքը, մեղմ ասած, միշտ որպես տուժող կողմ է հանդես գալիս»:
Սոսե Չանդոյան