Էլեկտրաէներգիայի հարցով ժամանակավոր հանձնաժողովը չի կարող հարցին օպերատիվ լուծում տալ. Նաիրա Զոհրաբյան
SocietyՀայաստանի էներգետիկ համակարգում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ԱԺ ՀԱԿ խմբակցությունն առաջարկում էր ստեղծել ժամանակավոր հանձնաժողով: ՀԱԿ-ի ստորագրահավաքին միացան ՕԵԿ-ը, ինչպես նաև պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, Զարուհի Փոստանջյանը և Էդմոն Մարուքյանը: Ընդդիմադիր ուժերից ՀՅԴ-ը և ԲՀԿ-ն չմիացան նախաձեռնությանը:
Orer.am-ը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ և պարզել՝ ո՞րն է չմիանալու պատճառը: Նաիրա Զոհրաբjանը, մասնավորապես, ասաց. «Երբ մենք զգանք, որ այս հարցում խորհրդարանական լսումները արդյունավետ չեն, հնարավոր է նախաձեռնենք հանձնաժողով, սակայն հիմա մենք նպատակահարմար ենք գտնում կազմակերպել լսումներ, որտեղ ներկա կլինեն բոլոր շահագրգիռ կողմերը: Անպայման պետք է կանչենք ՀԷՑ-ի պատասխանատուներին, ովքեր թանկացման հայտ են ներկայացրել, որպեսզի խորհրդարանին հաշվետու լինեն՝ ինչ հիմքերով են ցանկանում, որ ՀՀ քաղաքացին վճարի իրենց վատ մենեջմենթի, կորուստների կամ գերշահույթների համար:
Սա լրջագույն խնդիր է, որը չի կարող օպերատիվ լուծել ժամանակավոր հանձնաժողովը: Ժամանակավոր հանձնաժողովը ամիսների աշխատանք է պահանջում, իսկ այս հարցը պետք է օրերի ընթացքում լուծվի, քանի որ թանկացումը նախատեսվում է հունիսի 1-ից: Հենց սա է պատճառը, որ մենք այս փուլում նախընտրեցինք լսումները: Լսումներին հրավիրելու ենք նաև Էներգետիկայի նախարարին և այլ պաշտոնյաների: Եթե զգանք, որ այս կերպ չի հաջողվում խնդրին լուծում տալ, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու տարբերակը միշտ էլ կա:
Բայց, լինելով նախկին լրագրող, ով ակտիվորեն լուսաբանել է բազմաթիվ ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքներ՝ պետք է ասեմ, որ այդ հանձնաժողովները միշտ չեն էֆեկտիվ եղել: Նույն տպավորությունը ինձ մոտ ամրապնդվեց, երբ արդեն պատգամավորի կարգավիճակում ընգրկվեցի դրանցում»:
Orer.am-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն որևէ ներկայացուցիչ ուղարկի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական հավաքներին և քննարկումներին՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ չի բացառում: Ըստ մեր զրուցակցի՝ իրենք միշտ էլ պատրաստ են մասնակցել քննարկումներին ցանկացած ձևաչափով և գտնել օպտիմալ լուծում այս հարցի համար:
Զրույցը՝ Լևոն Փանոսյանի