Թեժ ամռան սպասելիս
AnalysisԷլեկտրաէներգիայի դեմ պայքարը կարծես թեժ ամառ է խոստանում. համենայն դեպս, սա ինչ որ չափով հիշեցնում է անցյալ տարի տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարը: Հստակեցնենք, թե ինչու: Ըստ էության, ժամանակ առ ժամանակ քաղաքական հարաբերական դադարի պարագայում իշխանության մեջ առաջանում է մտավախություն, որ ըմբոստություն կառաջանա ընդդիմադիր կուսակցությունների շրջանում, որոնք, օգտագործելով երիտասարդության էներգիան, նորից կարող են հերթական գլխացավանքը առաջացնել իրենց համար: Հարցը այն չէ, որ նրանք կարող են հասնել հաջողության. խնդիրը հենց պահանջի ձևակերպումն է:
Սակայն, մյուս կողմից, միգուցե սա նաև ձեռնտու է իշխանավորներին: Ի վերջո՝ փորձը ցույց է տալիս, որ երկրում առաջացած բազմաթիվ խնդիրների շուրջ ընդդիմության միասնական կոնսենսուսային տարբերակով քաղաքական պահանջ ներկայացնելու տարբերակն արդյունավետ չի գործում: Սակայն լոկալիզացնելով խնդիրը՝ դիցուք պայքար էլեկտրաէներգիայի դեմ, որը անմիջական խփում է քաղաքացիների գրպանին, հնարավոր է հասնել կոնկրետ արդյունքի՝ հետագայում հաջողությունը զարգացնելու հույսով:
Մեծ առումով սայլը տեղից չի շարժվում: Լոկալ խնդրի լուծումը ելք է, իհարկե, սակայն պետության սոցիալ-տնտեսական ծանր վիճակը դրանից չի փոխվելու: Հերթական քողարկված գործողության շնորհիվ, գոնե իմ համոզմամբ, իշխանությունն արտաքուստ ցուցադրելու է, որ ինքը հաշվի է առնում քաղհասարակության կարծիքը. որոշ դիմադրողականություն ցույց տալով, այնուամենայնիվ, էլեկտրաէներգիայի գինը դարձնելով նախկինը՝ քաղաքացիական ֆռոնտում ապահովել հաղթանակ: Եվ այսքանով կրքերը կմարեն անորոշ ժամանակով:
Իմիջիայլոց, հիշեցնենք, որ մայիսի 21-ին Վիլնյուսում տեղի է ունենալու Արևելյան Եվրոպական գործընկերության գագաթնաժողովը, որտեղ ներկա է լինելու նաև Հայաստանի պատվիրակությունը: Ինչպես արդեն հասկացաք, եվրոպացիների աչքին թոզ փչելու բավականին լեգիտիմ ու պարարտ հող է ստեղծվում իշխանության համար՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության կարծիքը անվերապահորեն հաշվի առնելու կապակցությամբ:
Նարեկ Ադամյան
Orer.am, վերլուծաբան