Քաղաքական գործիչների վերջինզանգյան հուշերը
SocietyԱյսօր հայաստանյան դպրոցներում հնչում է Վերջին զանգը, որն ազդարարում է կյանքի նոր՝ ավելի հասուն փուլի սկիզբ: Օրվա առիթով Orer.am-ը զրուցել է մի քանի քաղաքական գործիչների հետ, ովքեր կիսվել են իրենց վերջինզանգյան հուշերով:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ավարտել է Երևանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 միջնակարգ դպրոցը: Նա պատմում է. «Կոնկրետ Վերջին զանգի օրը ունեցանք ներկայացում,որից հետո գնացինք Էջմիածին, եղանք նաև Հանրապետության հրապարակում, երեկոյան մի փոքր խնջույք արեցինք դասարանի երեխաներով: Ճոխությունը այսօրվա պես չէր և կարծում եմ, առանձնահատուկ դրա կարիքը չկա էլ»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը ավարտել է Երևանի Բելինսկու անվան թիվ 38 միջնակարգ դպրոցը; Նա հիշում է. «Ես ստացել եմ որակյալ գիտելիքներ: Իմ ուսուցիչները եղել են պարկեշտ, ազնիվ և բարձր մասնագիտական որակավորում ունեցող մարդիկ: Սովորել ենք ցուրտ և դժվար տարիներին: Մինուսային ջերմաստիճանի տակ նստում էինք աշակերտական նստարանին և բացում գրքերն ու տետրերը: Հիմանականում սիրել եմ հումանիտար բոլոր առարկաները: Դպրոցն ավարտելու օրը թախծոտ էի, բայց ուրախ, քանի որ ավարտում էի կյանքի մի շրջան և մտնում նորը»:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը ավարտել է անգլիական թեքումով թիվ 102 միջնակարգ դպրոցը: «Շատ ջերմ են հիշողությունները, որովհետև ամենաանհոգ, լավ տարիներն էին,լավ եմ սովորել և գերազանց ավարտել: Ցավոք, դասընկերներիս հետ հիմա կապ չունենք, բայց հիշողությունները շատ լավն են: Շատ էին այն առարկաները, որոնք սիրել եմ: Հիմնականում լեզուները՝ հայերեն, ռուսերեն,անգլերեն: Հումանիտար առարկաները սիրել եմ, բայց մաթեմատիկան, ֆիզիկան և մնացածը նույնպես 5 են եղել ինձ մոտ: Շատ լավ ուսուցիչներ եմ ունեցել, որոնց շատ շնորհակալ եմ, քանի որ գրագիտության հիմքերը դրվում են դպրոցում», պատմում է Կարինե Աճեմյանը: Հարցին՝ սիրե՞լ է դասից փախչել, տիկին Աճեմյանն ասաց,որ այդքանը չի հիշում: Ըստ նրա՝ դասարանը շատ ուժեղ էր և պարտաճանաչ, բայց մեկ-երկու անգամ այդպիսի դեպք գրանցվել է:
Լևոն Փանոսյան