Եթե այսպես շարունակվի՝ իրավիճակը հսկողությունից դուրս կգա. ԱԺ պատգամավորը՝ Լիսկայի վրա ուղղված կրակոցների մասին
InterviewԱյսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ որևէ մեկին չի կասկածում իր դեմ մահափորձի իրականացման մեջ: Ինչ խոսք, այս հայտարարությունը, թերեւս, ամենասպասվածներից էր, որ կարող էր անել Լիսկան՝ իր կողմից գրված սցենարի շրջանակներում: Ինչեւէ, գործի ընթացքն ու արդարացի բացահայտումը թողնելով իրավապահ մարմիններին՝ Orer.am-ը ստեղծված իրավիճակի հետ կապված զրուցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հետ.
«Այն, որ Հայաստանի Հանրապետությունում կա հնարավորություն զենք կիրառել եւ մնալ անպատիժ, արդեն շատ վատ է: Շատ բացասական եմ ընդունում, որ մարդիկ իրենց հարցերը փորձում են լուծել Լինչի դատաստանի մեթոդներով: Եթե նման տրամադրություններ են ձեւավորվում` նշանակում է, որ մեր իրավապահ մարմինները չեն աշխատում: Այնպիսի տպավորություն է, որ որեւէ օրենք այս երկրում չի գործում, դրա համար էլ մարդիկ իրենց հույսները դնում են սեփական որոշման վրա: Այս պարագայում մենք բոլորս պետք է դասեր քաղենք եւ անենք ամեն ինչ՝ Հայաստանում անպատժելիության մթնոլորտը վերացնելու համար: Իրավապահ մարմինները պետք է պայքարի միջոցներ ձեռնարկեն. ի՞նչ է նշանակում օրը ցերեկով կամ թեկուզ երեկոյան ինչ որ մեկը կարողանա զենքը ձեռքին շրջել փողոցներով եւ կրակել մեքենայի վրա»:
Տարածված այն տեսակետի հետ կապված, որ մարզպետի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցները պարզապես գեղեցիկ բեմականացում էր, պատգամավորը նկատեց. «Եթե այս ամենն իրականությանը չի համապատասխանում եւ պարզապես գեղեցիկ շոու է, բնականաբար, այդ շոուի կազմակերպիչները պետք է համապատասխան պատասխանատվության ենթարկվեն: Հուսով եմ, որ իրավապահ մարմինները բոլոր հարցերը մանրակրկիտ քննության կենթարկեն եւ մեղավորները կպատժվեն:
Այս հարցի հետ կապված պետք է նշեմ, որ ուշադրություն է պետք դարձնել իրադարձության արմատներին: Եթե մեր երկրում կա մեկը, ում վրա զենք են օգտագործում, ապա այդ մարդն ինքը պետք է հասկանա, թե ինչ է արել, որ բանը հասել է դրան: Հայաստանում երեք միլիոն մարդ է ապրում: Կարծում եմ՝ որեւէ մեկի առաջ դրված խնդիր չէ ապրել այնպիսի կյանքով, որ իր վրա կրակեն, եթե մեկի վրա կրակում են, ուրեմն խնդիր կա: Այդ մարդն իր բաժին դասերը պետք է քաղի, այլ ոչ թե մեղավորության խնդիրը դնի ուրիշների վրա»:
Հարցին` արդյո՞ք այս գործը կդասվի չբացահայտված հանցագործությունների շարքին, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Կան փաստեր` մեքենա, փամփուշտներ: Հիմա գիտությունն այնքան է զարգացել, որ հնարավոր է բացահայտել, թե դեպքն ինչ ձեւով է եղել, ինչ զենքից է կրակոց արձակվել եւ այլն: Մենք գիտենք, որ ճանապարհներին այսօր կան բազմաթիվ տեսախցիկներ, որի միջոցով կարելի է բացահայտել, թե ինչ մեքենաներ են անցել այդ հատվածով:
Եթե այս հանցագործությունը ավելացնի չբացահայտված հանցագործությունների ցանկը, ապա բոլորս գիտենք, որ դա նպաստելու է անվստահության մթնոլորտի ձեւավորմանը: Իշխանություններն ունեն մեկ խնդիր՝ շատ արագ ու արդար ձեւով բացահայտել տեղի ունեցածը: Եթե այսպես շարունակվի՝ իրավիճակը հսկողությունից դուրս կգա»:
Սոսե Չանդոյան