Կրթության ոլորտը չպետք է ենթարկվի ցնցումների. Արմեն Աշոտյան
InterviewԱյսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը,- հայտնում է Orer.am-ը: Արմեն Աշոտյանն ամփոփեց իր ղեկավարած գերատեսչության աշխատանքները՝ կառավարության գործունեության մեկ տարվա համատեքստում: Նա շեշտեց, որ կրթության ոլորտը ամենաավանդականն է և այն չպետք է ենթարվի ցնցումների, ու փոփոխությունները պետք է հարմարեցվեն հանրային կարծիքին:
Արմեն Աշոտյանը համարում է, որ ոչ միայն այս մեկ տարվա, այլև իր ամբողջ պաշոտոնավարման փուլի ամենակարևոր իրադարձություններից մեկը Եվրոպական բարձրագույն տարածքի նախարարական համաժողովն է, որը, ըստ Աշոտյանի, իր կազմակերպվածության մակարդակով աննախադեպ էր: Ա.Աշոտյանն ընդգծեց նաև, որ համաժողովից հետո ամրապնդվեց Երևանի դերը՝ որպես Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք: Հարցին՝ որքա՞ն էր համաժողովի բյուջեն, նախարարը պատասխանեց, որ այն թանկ միջոցառում էր: Ըստ նրա՝ ծախսերի 40%-ը կփոխհատուցի Եվրամիությունը. 100 մլն դրամից ավելի է ընդհանուր գումարը, որից 60 %-ն է պետության վրա:
Կարևորելով տասներկուամյա պարտադիր կրթության օրենքը՝ նախարարն ասաց. «ՀՀ Ազգային ժողովն ընդունել է տասներկուամյա պարտադիր կրթության մասին օրենքը, որը բուռն քննարկումների առիթ դարձավ: Իննամյա կրթական ցենզը ՀՀ քաղաքացիների համար այլևս անցյալ է. պետք է ավելի բարձր նվազագույն ցենզի անցնենք»:
Անդրադառնալով նախարարության թերացումներին՝ պաշոնյան նշեց. «Մենք չունենք ձախողված նախաձեռնություն, մենք չունենք ձախողված ծրագիր, բայց մենք ունենք համակարգի որոշ խնդիրներ, որոնց ամբողջական լուծումը հնարավոր չէ ո՛չ մեկ տարվա, ո՛չ էլ եռամյա կտրվածքով լուծել: Համակարգում առկա հիմնախնդիրները նոր չեն. դրանք դինամիկայի և շարժման մեջ պետք է դիտել»:
Կրթական ոլորտի արդիական խնդիրներից է նաև դրամահավաքը: Այս առումով բանախոսն ասաց, որ ոչ մի երկրում կրթական խնդիրները չեն լուծվում միայն պետբյուջեի ֆինասավորմամբ:
«Դպրոցական դրամահավաքն արտոնված է, եթե կա ծնողական կոմիտե, և այնտեղ ծնողները չեն կարողանում լեզու գտնել. ներեցեք, բայց այդ խնդիրը լուծողը նախարարությունը չէ: Մենք չենք կարող մտնել ամեն դասարան: Մենք մի ծայրահեղությունից գնում ենք մեկ ուրիշը: Այո, ծայրահեղություն էր, երբ մենք արգելեցինք դրամահավաքը: Բայց դպրոցներ կան, որտեղ երեխաներն ուզում են թանգարան գնալ և այլն, բայց միշտ լինում է մի ծնող, ով զանգում է թեժ գիծ, նախարարություն և բողոքում, որ գումար են հավաքում, և բոլորը թափվում են տվյալ դպրոցի գլխին». հավելեց Աշոտյանը:
Խոսելով վերջին օրերին ակտիվ շրջանառվող Երևանից մարզեր որոշ բուհերի տեղափոխման մասին՝ Ա. Աշոտյանն ասաց, որ այս քննարկումներից առաջ պետք էր խոսակցությունները ճշտել նախարարության հետ: Նա ավելացրեց, որ կա բուհերը խոշորացնելու խնդիր: