Ընտրակեղծիք անողների թաթիկները կկոտրենք. Արթուր Հարությունյան (լուսանկարներ)
PoliticsԱյսօր Աբովյան քաղաքում տեղի ունեցավ առաջադրված թեկնածուներից Արթուր Հարությունյանի` Պալաչի կողմից կազմակերպված հանրահավաք–երթ, որն ավարտվեց համերգային ծրագրով:
Մինչ երթի սկսվելը Orer.am-ը, զրուցելով իրական Ա.Հարությունյանի հետ, տեղեկացավ նրա հետագա անելիքների, իր եւ իր թիմակիցների կողմից ընտրված պայքարի մեթոդների մասին:
-Պարոն Հարությունյան, ո՞րն է այսօրվա հանրահավաքի հիմնական նպատակը:
-Այսօր Աբովյան քաղաքում կլինի հանրահավաք-երթ, որից հետո` համերգային ծրագիր Աբովյանի բնակիչների համար: Այս ամենը մտնում էր նախընտրական քարոզի մեր ծրագրի մեջ: Նման մեթոդներով փորձելու ենք ներկայանալ մեր համաքաղաքացիներին մեր ծրագրերով, ընդհանուր առմամբ ներկայացնելով, թե ինչ ենք պատրաստվում անել ընտրվելուց հետո: Դուք գիտեք, որ արդեն պաշտոնապես հայտարարվել է, թե որ թեկնածուն որ համարի տակ է հանդես գալու, այդ իսկ պատճառով հանրահավքի եւ համերգի ժամանակ եւս մեկ անգամ կհրապարակվի իմ թիվը , որի տակ հանդես եմ գալու: Այս քայլին ենք դիմում, որպեսզի ինձ քվե տվող մարդկանց մոտ շփոթություն չառաջանա, քանի որ իմ անուն ազգանունով եւս մի անձ է հայտնվել:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք աբովյանցիներից:
-Ինձ թվում է, այսօրվա երթը շատ բան կապացուցի: Ես վստահ եմ, որ ես ու իմ թիմը հաղթանակելու ենք, ես իմ հաղթանակն արդեն ապացուցում եմ իմ քայլերով: Ասեմ, որ Աբովյանի քաղաքացիների մեծ մասը կիսում են գաղափարներս:
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որեւէ քաղաքական ուժի կողմից չունեք աջակցություն, որքանո՞վ եք իրատեսական համարում Ձեր հաղթանակը:
-Գիտեք, որ ինձ «բարի կամեցողները», իմ անուն ազգանունով թեկնածու են առաջադրել, դա արդեն իսկ վկայում է նրանց թուլության, վախկոտության մասին: Նրանք արդեն գիտակցել են իրենց պարտված լինելը, սակայն փորձում են հանրությանը համոզել, թե իբր հաղթելու են: Պատահական չէ, որ Աբովյան քաղաքի տարբեր բակերում գնալով հանդիպումների, իրենց հետ տանում են ոչ աբովյանցիների: Սա արդեն խոսում է այն մասին, որ Աբովյան քաղաքի բնակիչը իրենց չի ընդունում, իսկ նրանք նման արձագանքի են արժանացել մինչ օրս կատարված աշխատանքի դիմաց:
-Եթե Ձեր հակառակորդներն իրոք թույլ ու վախկոտ են, ինչպես Դուք եք նշում, ապա ինչի՞ վրա են հույս դնում, ասելով, թե հաղթելու ենք: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ մեթոդների են դիմելու մյուս թեկնածուները:
-Իրենք իրենց հույսը դնում են ընտրակեղծիքի վրա: Նրանք կփորձեն ամեն գնով կեղծիքներ անել` կաշառելով հանձնաժողովների անդամներին եւ մնացածներին: Ասեմ, որ դա իրենց մոտ չի ստացվի: Ընտրակեղծիք անողների թաթիկները կկոտրենք:
-Արդեն քանի օր է, «կեղծ» Արթուր Հարությունյանի հետ չեն կարողանում կապ հաստատել լրագրողները, անգամ բարեկամները, նա խուսափում է նաեւ հանրային շփումներից` չնայած նրան, որ ընտրարշավը սկսված է, ինչի՞ մասին է սա վկայում:
-Պետք է իրական թեկնածու լինի, որ գտնեք: Նա շնչավոր առարկա է, նրանց ուղղակի պետք էր այդ մարդու անուն, ազգանունը: Իրենց պետք չի, որ դուք գտնեք այդ մարդուն, եթե պետք լիներ` կգտնեիք, հավատացնում եմ:
Սոսե Չանդոյան
Լուսանկարները՝ Ann Exus-ի