Արտաշատցիներն այսուհետ իրենց աղոքթն առ Աստված կուղղեն Սուրբ Հովհաննես եկեղեցում
SocietyԱրարատի մարզկենտրոն Արտաշատում մայիսի 31-ին տեղի ունեցավ Սբ Հովհաննես եկեղեցու հանդիսավոր բացման եւ օծման արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախահագ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, Արարատի մարզային կառույցի ղեկավարները` Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ և բազմաթիվ հյուրեր:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հիմնական խորհուրդը` եկեղեցու օծման արարողությունը: Հընթացս արարաղության` օծվեց նաեւ մկրտության սուրբ ավազանը, որի վրա ըստ կարգի փռեցին մրկրտության սուրբ շապիկը: Օծվեցին նաեւ եկեղեցու 16 սյուների խաչերը:
Եկեղեցու օծման արարողությունից հետո Գարեգին Երկրորդն իր խոսքում ողջունեց բարձրաստիճան այրերին, հավատավոր ժողովրդին, նշեց, որ Արտաշատում այս հոյակերտ եկեղեցին հոգեւոր նոր շունչ է բերելու հավատավոր ժողովրդին: «Այս կամարների ներքո բարեշնորհ հայորդիները պիտի ստանան իրենց հոգևոր մխիթարությունը: Եկեղեցին Բարձրյալի ներկայությունն է մեր կյանքում, որ ամեն հավատավոր՝ աշխատավոր, թե իշխանավոր, երիտասարդ թե տարեց` խոնարհությամբ են մուտք գործում եւ իրենց ձայնը բարձրացնում առ Աստված` հայրակա ն խնամքի եւ օրհնության համար: Աղոթավայրի օրհնյալ հարկից ներս անձը սրբագործվում եւ մաքրագործվում է: Սուրբ եկեղեցին հայի հոգու ծննդավայրն է: Այստեղ են զորություն առնում հոգեւոր կյանքի եւ առաքինության իրականության համար»,-իր խոսքում ասաց Վեհափառը՝ ավելացնելով, որ եկեղեցու կառուցումը նաեւ ոգեկոչում է Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Դիմելով ժողովրդին՝ Կաթողիկոսը հորդորեց չտրտնջալ, դիմակայել դժվարություններին, հավատով ու զորությամբ իրականություն դարձնել մեր լուսավոր ու հզոր հայրենիքի տեսիլքը:
Վեհափառ Հայրապետը եկեղեցու կառուցման նախաձեռնության և բարերության համար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին շնորհեց Սբ Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշան: Գարեգին Երկրորդը եկեղեցուն նվիրեց Քրիստոսի խաչելության սրբակատկերը` ասելով. «Այս սրբապատկերը նվիրաբերում եմ, որպեսզի նրա առաջ հավատավոր ժողովրդի բարձրացրած խնդրանքը Տիրոջ կողմից լինի ընդունելի»:
Օծման արարողությունից հետո, ըստ կարգի, տեղի ունեցավ առաջին անմահ պատարագը, որը մատուցվեց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի ձեռամբ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշեց,, որ եկեղեցին կառուցվել է հինավուրց Արտաշատում եւ կրում է Հովհաննես Ավետարանիչ առաքյալի անունը: «Այսօր ուրախ օր է ինձ համար: Եկեղեցին կառուցվել է հինավուրց քաղաքամայր Արտաշատում` արտաշատցի բնակիչների եւ ողջ հայ ժողովրդի համար»,-ընդգծեց վարչապետը:
Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2002 թվականին` 13 տարի առաջ: 2,5 հա տարածքի վրա կառուցված եկեղեցին ունի 1,75 հա լայնածավալ կանաչապատման գոտի, որտեղ ամբողջովին սիզապատված է, կան նորատունկ տուաներ, սոսիներ եւ ծաղիկներ: Այս Նախատեսվում է հետագայում կառուցել նաեւ երեցտուն:
Եկեղեցու բարձրությունը 40 մ է` հայկական կանոնական խաչով: Այն ունի երկու խորան, սուրբ սեղան, բազմաթիվ աշտանակներ, մկրտության ավազան, երկու կողմերում կան պատշգամբներ: Բակում վեր է խոյանում կանոնական խաչքար: Եկեղեցին կառուցված է այնպես, որ կենտրոնական դուռը երկու դռների հետ մեկտեղ ստեղծում են խաչի պատկեր:
Ճարտարապետներն են Արտակ Ղուլյանը եւ Էմմա Ֆահրադյանը: Շինարարությունն իրականացրել է «Մարտին» ՍՊԸ-ն: «Մարզկենտրոնը տասնամյակներ շարունակ եկեղեցի չի ունեցել, եւ հավատավոր ժողովուրդը ստիպված էր կիլոմետրեր անցնել` հարեւան համայնքների եկեղեցիներ գնալու համար: Այս բացը եկավ լրացնելու այս վեհաշուք կառույցը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, աշխատանքների ղեկավար Մարտին Սեդրակյանը՝ ընդգծելով, որ իր ողջ համալիրով եկեղեցին պերճաշուք տեսք է տալիս Արտաշատին:
Լիլիթ Մաճկալյան