Ի՞նչ կապ ունեն անարխիստական սիմվոլները «Դ!եմ եմ Էլեկտրաէներգիայի թանկացմանը» հանրահավաք-երթի հետ
AnalysisՍտորև ներկայացված են Անարխիզմի սիմվոլները, որոնցից առաջինը, որքան որ հիշում եմ, առկա էր «Դ!եմ եմ Էլեկտրաէներգիայի թանկացմանը» շարժման նախաձեռնած հանրահավաք-երթի ժամանակ:
Անարխիզմը քաղաքական-փիլիսոփայական գաղափարաբանություն է: Իհարկե, հնարավոր չէ մեկ կամ երկու նախադասությամբ ճշգրիտ բնորոշել դրա էությունը, քանզի այն մոնոլիտ համակարգ չէ, այլ բաղկացած է տարատեսակ հոսանքներից և պատմության ընթացքում զարգացել է էվոլյուցիոն զարգացման աստիճանական փուլերով: Բայց ընդհանուր գծերով կարող ենք փաստել, որ այն ուղղակիորեն հակադրվում է հասարակական համակեցության այն մոդելին, որը մենք անվանում ենք պետություն և առաջարկում է հասարակական փոխհարաբերությունների բոլորովին այլ համակարգ: Իհարկե, չխորանալով դրա փիլիսոփայական առանձնահատկությունների մեջ, փորձենք պատասխանել հետևյալ գլուխ կոտրուկ հարցերին.
1. Ի՞նչ կապ ունեն անարխիստական սիմվոլները այդ երթի հետ:
2. Արդյո՞ք Հայաստանում անարխիստներ կան:
Ընդհանրապես 18-19-րդ դարերի և մասամբ 20-րդ դարի երկրորդ կեսի հեղափոխական շարժումների, հասարակական տարաբնույթ գործընթացների պրակտիկան վերջին մի քանի տարիներին Հայաստանում բավականին ակտուալ է դարձել: Հատկապես օգտագործվում են Ֆրանսիական Մեծ Հեղափոխության, անգլիական աշխատավորական շարժումների, ռուս անարխիստների (Անարխիզմը լայն տարածում է ունեցել Ռուսաստանում), Լատինական Ամերիկայի հեղափոխական շարժումների լոզունգները, սիմվոլները և որոշ դեպքերում անգամ փորձում են վերարտադրել կամայական երկրում այս կամ այն ժամանակաշրջանում տեղի ունեցած իրողությունը: Իհարկե, վերոնշյալ հասարակությունների հարուստ կենսափորձը միշտ էլ օգտակար կարող է լինել պետություն կառուցելու տեսանկյունից, բայց այն դեպքում, երբ մենք հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք: Թե չէ այնպես է ստացվում, որ Հայաստանում չկան անարխիստներ, բայց կան անարխիստական սիմվոլներ, երթը անարխիստական բնույթի չէ, բայց ուղեկցվում է այդ սիմվոլների առաջնորդությամբ: Մասնակիցները կարող են ասել, թե գեղեցիկ է, ազդեցիկ է և կարևոր չէ բովանդակությունը, իսկ ես կարող եմ ասել, որ այդ նույն տրամաբանությամբ պիոներական վզկապներներն էլ են գեղեցիկ և ազդեցիկ:
Ո՛չ բարեկամներ, տեղաշարժը A կետից դեպի B կետը պետք է ամբողջապես շրջապատված լինի գաղափարական ճշգրիտ մոտիվացիայով՝ ընդհուպ սիմվոլները, լինի դա սոցիալական, թե ազգային-ազատագրական բունտ: Եվ վերջաբանի փոխարեն՝
Aнархия является крайней негативной формой существования государства после деспотии, когда искореняются «зачатки добра», когда любое малое правомерное устройство лучше, чем никакое, подразумевая под этим безвластие. Иммануил Кант
Կարպիս Փաշոյան
Orer.am, վերլուծաբան