ԵԿՄ եւ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» անդամները պաշտպանում են Արթուր Հարությունյանի՝ Պալաչի թեկնածությունը (լուսանկարներ)
PoliticsԱյսօր` հունիսի 3-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող Երկրապահ կամավորական միության կողմից մի շարք պատվոգրեր եւ շքանշաններ հանձնվեցին Ղարաբայան թոհուբոհի միջով անցած հերոս տղաներին:
Ինչպես հայտնում է Orer.am-ը, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ Յուրի Միքայելյանը, բարձր գնահատելով կազմակերպված միջոցառման գաղափարը, ողջույնի խոսք հղեց իր մարտական ընկերներին եւ միջոցառմանը ներկա գտնվող անձանց. «Ողջունում եմ իմ մարտական ընկերներին, կռված տղաներին: Գիտեք, որ այսօր սահմանում վիճակը լարված է, եւ պատերազմն էլ վերջացած չէ: Ուզում եմ հայտնել, որ Երկրապահ կամավորական միության հետ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը» մշտապես կանգնած են դիրքերում մեր զինվորների կողքին՝ բարձր պահելով սահմանը պահող տղաների մարտական ոգին:
Հաշվի առնելով մեր ազատամարտիկների ներդրումը Արցախյան ազատամարտին եւ, առհասարակ, Աբովյան քաղաքի բարելավմանը, ԵԿՄ-ի եւ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» անունից հայտարարում ենք, որ Աբովյան քաղաքի հետագա զարգացման եւ բարեկեցիկ կյանքի ապահովման հարցը կապում ենք քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանի (Պալաչի) հետ: Դա մեր կառույցների անդամների որոշումն է: Մենք որպես Աբովյանի քաղաքապետ տեսնում ենք Արթուր Հարությունյանին»:
Յուրի Միքայելյանի խոսքից հետո իրենց կառույցի կողմից մի շարք ԵԿՄ անդամների հանձնվեցին պատվոգրեր եւ շքանշաններ: «Հայրենիքի պաշտպանության համար» շքանշաններ հանձնվեցին Պարգեւ Գրիգորյանին եւ Սուրեն Ավոյանին: «Կոտայք գումարտակի» ոսկե շքանշաններ հանձնվեցին Յուրիկ Միքայելյանին, Վահան Հարությունյանին:
Նկատենք, որ միջոցառման կազմակերպիչների կողմից չէին անտեսվել նաեւ Արցախյան ազատամարտին ակտիվ գործունեություն ծավալած կանայք: «Մարտական գործողություններին մասնակից լինելու» համար մեդալ հանձնվեց նաեւ Արմինե Դավթյանին: ԵԿՄ վարչութան նախագահ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի կողմից «ԵԿՄ 20-ամյակի» մեդալով պարգեւատրվեց Էդվարդ Անտինյանը: Վարչության նախագահի՝ Մ.Գրիգորյանի կողմից պարգեւատրվեց նաեւ Հաղթանակ Մխիթարյանը:










Սոսե Չանդոյան