Հայրենասիրական ստանդարտներ
AnalysisՀայ իրականության նորաձևության արդի դրսևորումներից է հայրենասիրության որոշակի ստանդարտներ սահմանելը: Այդ ամենը կատարվում է խմբային կամ կլանային սկզբունքով, այսինքն որոշակի խմբեր կոնկրետ խաղի կանոններ են սահմանել. իսկ ով դուրս է այդ տրամաբանությունից, նա հայտարարվում է անբարեհույս տարր՝ օստրակիզմի դատարանի սկզբունքով:
Իսկ ի՞նչ է պետք անել իսկական հայրենասեր լինելու համար.
1.Կրծքերը զարդարել անմոռուկներով:
2.Այրել թուրքական դրոշը:
3.Լինել Նժդեհական և օրը հարյուր անգամ ցիտել նրա մտքերը:
4.Օրինակի համար պարել յարխուշտա և դրա ընթացքում մտովի արյան լճեր գոյացնել Բաքվում:
5.Կարոտած նայել Մասիս սարին և սպասել Փոքր Մհերի վերադարձին։
6.Ամեն հարմար առիթի դեպքում բարբաջել հայերի տիեզերական եզակի արարածներ լինելու մասին:
7.Ներկայիս երազանքները փնտրել և գտնել անցյալում՝ մասնավորապես նախաքրիստոնեական շրջանում ու միևնույն ժամանակ բռնաբարել պատմությունը:
8.Իսկական հայրենասերը պետք է զգուշանա ջհուդա-մասոնական դավադրություններից, քանզի նրանք ծրագրել են ոչնչացնել Հայաստանը:
Զավեշտների այս շարքը, իհարկե կարելի է անվերջ շարունակել, բայց սահմանափակվենք այսքանով, քանզի սա էլ բավական է պատկերացում կազմելու համար, թե ինչ է իրենից ներկայացնում մեր հայրենասիրական անհագ պոպուլիզմը:
Իսկ եթե սա պոպուլիզմ է, ապա ո՞րն է իրական հայրենասիրությունը: Բարեբախտաբար չեմ կարող ասել, չեմ էլ փորձի, հակառակ դեպքում կդառնամ այն ամենօրյա էժանագին քարոզ կարդացողներից մեկը: Դա ավելի շատ ինդիվիդուալ փնտրտուքի և կոնկրետ առարկայական գործընթացի արդյունք է:
Հիսուս Նազովրեցին մոտավորապես ասել է. Աջ ձեռքը չպետք է իմանա ձախ ձեռքով արված բարեգործության մասին: Այսինքն՝ Ձեզ մի փոքր համեստ պահեք, հատկապես պետությանը վերաբերվող հարցերում:
Կարպիս Փաշոյան
Orer.am, վերլուծաբան