Փոքրիկ հայ շախմատիստները` միջազգային մրցաշարում
Interview2015 թվականի հունիսի 10-21-ը ՌԴ Վորոնեժ քաղաքում տեղի է ունենալու շախմատի «Ալյոխինի անվան հուշամրցաշարի» «Fide open» միջազգային մրցաշարը: Մրցաշարի մասնակիցների ընդհանուր թիվը 150 է:
Մրցաշարին կներկայանան հետևյալ երկրների շախմատիստները՝ Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան, Եգիպտոս, Ադրբեջան, Հոլանդիա, Մոնղոլիա, Զամբիա, Հնդկաստան, Իսրայել, Բելառուս: Այս մրցաշարում տարիքային սահմանափակում չկա, մրցելու են ընդհանուր խմբերով:
Orer.am-ի հետ զրույցի ժամանակ դպրոցի հիմնադիր-նախագահ Նարեկ Վարազդատյանը նշեց.
«Հունիսի 10-21-ը ՌԴ Վորոնեժ քաղաքում անցկացվելիք մրցաշարին Հայաստանից կմասնակցեն «Նարվա» շախմատի դպրոցի սաներ՝ Ստեփանակերտից 11-ամյա Ալեքս Գևորգյանը և Երևանից Լևոն Ավետիսյանը: Պետք է նշեմ, որ մեր տղաները պատրաստված են լավ եւ տրամադրված են շատ լուրջ: Նրանք մեկնում են հաղթելու նպատակով»:
Դպրոցի հիմնադիր-նախագահ Նարեկ Վարազդատյանը հավաստիացնում է՝ ձեռք բերված հաղթանակը չի պատկանելու բացառապես շախմատիստներին, քանզի դա նաեւ մեր երկրի հաղթանակն ու ձեռքբերումն է լինելու շախմատի ոլորտում.
«Կձգտենք հնարավորինս հաջող հանդես գալ ու բարձր պահել մեր երկրի պատիվը: Բազմաթիվ մրցաշարերից մեր սաները պարբերաբար հրավերներ են ստանում: Ֆինանսական խնդիրների պատճառով քչերին ենք կարողանում մասնակցել:
Ես գտնում եմ, որ շախմատի ոլորտն այն ոլորտներից է, որը հնարավորինս շատ պետք է զարգանա եւ առաջ գնա. չէ՞ որ Հայաստանն այսօր ունի համաշխարհային մակարդակի չեմպիոններ, ովքեր իրենց անկրկնելի խաղով ցույց են տալիս համայն աշխարհին իրենց մտքի ճկունությունը»,- ասաց Ն. Վարազդատյանը
Հարկ է նկատել, որ փոքրիկ շախմատիստները կարողացել են գրավել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի ուշադրությունը, ով էլ այս անգամ հնարավորինս կաջակցի դպրոցի սաներին:
Սոսե Չանդոյան