Երգիչ-դերասան Արման Նշանյանն իր ընկերների ու ընկերուհիների հետ գիշերային թեժ ծեծկռտուքի մասնակի՞ց է դարձել
LifestyleԻնչպես տեղեկացնում են Orer.am-ի ընթերցողները՝ այս գիշեր ժամը 01.30-ից 02.00-ի սահմաններում ծեծկռտուք է եղել Սարյան փողոցի վրա գտնվող ՛՛in Vino'' գինետան մոտ՝ երգիչ-դերասան Արման Նշանյանի և իր ընկերների (այդ թվում աղջիկների) մասնակցությամբ: Վեճը սկսվել է այն բանից հետո, երբ գինետան մերձական շենքի բնակիչ տղաները գոռգոռալու համար նկատողություն են արել գինետան այցելուներին, ինչից հետո լեզվակռիվը վեր է ածվել ձեռնամարտի: Ականատեսները պնդում են, որ միջադեպի ընթացքում դերասանը անընդհատ բղավել է, որ ինքը Հայաստանի վաստակավոր արտիստ է:
Ըստ բնակիչների՝ ծեծկռտուքը տեղափոխվել է Սարյանի թանգարանի բակ, որտեղ ժամանած ոստիկանական կարգախմբերը հազիվ են կարողացել հանդարտեցնել կողմերին և ոստիկանական մեքենաներով Արման Նշանյանին ու իր ուղեկիցներին հեռացրել են դեպքի վայրից:
Ի դեպ, տարածքի բնակիչները բողոքում են, որ ամենօրյա երևույթ դարձած ծեծկռտուքների և գոռգոռոցների պատճառով այդտեղ ապրելը անտանելի է դարձել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը Orer.am-ի հարցմանն ի պատասխան նշեց, որ այդտեղ իրականում խուլիգանության դեպք է եղել, որը այս պահին քննության առարկա է, իսկ Արման Նշանյանը ոչ թե ծեծկռտուքի մասնակից է, այլ ականատես: