Բիբինը մինչ օրս ՀՀ-ում արել է այն ինչ ցանկացել է, սակայն…
Interview«Բիբինյան» թալա՞նի, թե՞ իշխանության վարած սխալ քաղաքականության պատճառով է այսօրվա հայ հանրությունը կանգնել փաստի առաջ: Կարելի է ասել, որ առաջ քաշված երկու հարցերը իրարից բխող են եւ փոխկապակցված, որոնց վերաբերյալ, Orer.am-ը զրուցեց «Ո’չ թալանին» նախաձեռնության անդամ Արամ Մանուկյանի հետ.
-Մոտ օրերս տեղի կունենա հերթական բողոքի ակցիան՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, ի՞նչ հույսեր կան դրա հետ կապված, արդյո՞ք մարդիկ կկարողանան հանրահավաքներով պայքարել սակագնի բարձրացման դեմ, եթե հաշվի առնենք, որ ՀԷՑ-ի սեփականատերը ազգությամբ ռուս Բիբինն է, ով էլ այս պարագայում թելադրում է խաղի կանոնները:
-Հույսերը մեծ են, գտնում եմ, որ այո՛, կկարողանանք պայքարել եւ հասնել մեր ուզածին, եթե միասնական լինենք ու ողջ ազգով ոտքի կանգնենք: Բիբինի ազգությունը մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, եթե նա լիներ ամերիկացի, գերմանացի, կամ այլ որևէ երկրի քաղաքացի՝ դա ոչինչ չԷր փոխի. խնդիրն այստեղ մեր երկրի «ղեկավարությա» մեջ է և վերջ:
-Ինչպե՞ս կգնահատեք Բիբինի՝ ՀՀ ԱԺ չներկայանալը: Ձեր կարծիքով նա այդ քայլով ի՞նչ փորձեց հասկացնել մեր իշխանություններին եւ պայքարող հասարակությանը:
-Բիբինը մինչ օրս ՀՀ-ում արել է այն, ինչ ցանկացել է: Հիմա էլ վարվեց նույն կերպ, զարմանալի ոչինչ չեմ տեսնում։ Միայն կասեմ այն, որ պետք չէ փորձել պայքարող հասարակությանը շփոթել իշխանության հետ:
-Վարչապետը հայտարարեց, որ, այնուամենայնիվ, սակագինը կբարձրանա, այս պարագայում ԱԺ-ում անցկացված լսումներն արդյո՞ք ձեւական բնույթ չունեին:
-Իհարկե, ձևական էին: Չեմ կարծում, որ ինչ որ մեկը ակնկալիք ուներ այդ լսումներից, իսկ վարչապետի հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՀԾԿՀ-ն անկախ մարմին չէ ու չի էլ եղել... Գործ ունենք դասական քաղաքական որոշման հետ:
-Այնուամենայնիվ, վերջնական որոշումը Բիբինի ձեռքերում է: Ի՞նչ եք կարծում նա բարեգութ կգտնվի եւ կխղճա՞ սոցիալական ծանր պայմաններում ապրող ժողովրդին եւ չի՞ բարձրացնի էլեկտրաէներգիայի սակագինը:
-Չեմ կարծում, որ որոշումը Բիբինի ձեռքում է, նա ընդամենը կատարածու է, իսկ բարեգթության առումով ասեմ, որ ամենաքիչը նրա բարեգթության կարիքն ունենք։
Սոսե Չանդոյան