Օտարերկրյա լրատվամիջոցները փորձում են քաղաքականանացնել բողոքի ակցիան. Հրանտ Մելիք-Շահնազարյան
SocietyԲողոքի երթը, միանշանակ, սոցիալական ուղղվածություն ուներ: Ակնհայտ է, որ այնտեղ քաղաքական որևէ բան չկա: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյան՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիային եւ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներին:
«Կոնկրետ Հայաստանում խնդիրը բացառապես սոցիալական նշանակություն ունի: Այլ հարց է, որ այն փորձում են քաղաքականացնել, որքան էլ տարօրինակ չլինի, հիմնականում, փորձում են դա անել դրսի լրատվամիջոցները, հատկապես՝ ուկրաինական և ռուսական: Ակնհայտ է, որ այստեղ խնդիր կա, և հայկական տեղեկատվական դաշտը, հատկապես այսօր, ինչ-որ չափով վերածվել է ռուս-ուկրաինական հակամարտության հերթական հարթակի: Պետք է հնարավորինս շուտ կանխել այս տենդենցը, քանի որ այն իսկապես կարող է շեղել թե ցուցարարներին, թե պետության ներկայացուցիչներին այն զարգացումներից, որ կա և հատուկ է միայն մեզ»,-ընդգծել է նա:
Երեւանյան բողոքի ակցիան ունի բացառապես սոցիալական բնույթ, հետեւաբար՝ ինչո՞ւ են օտարերկրյա լրատվամիջոցները այն բնորոշում «Մայդան»: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատում է՝ դրսի լրատվամիջոցների համար առանձնապես հետաքրքիր էլ չէ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում եւ որն է իրական պահանջը: «Կա սոցիալական դժգոհություն, սոցիալական բունտ, և նրանք փորձելու են այս հնարավորությունն օգտագործել սեփական խնդիրները լուծելու համար»,-նկատել է նա: Բանախոսի պնդմամբ՝ իրավիճակը՝ ըստ ցանկության ներկայացնելը, միայն լրատվամիջոցների գործունեություն չէ, այն ավելի շատ համակարգում են հետազոտական կենտրոնները և տարբեր փորձագետներ: Հետեւաբար՝ նման հրապարակումների հետեւողականորեն հայտնվելը, ըստ Մելիք-Շահնազարյանի, վկայում է, որ աշխատանք է տարվում, որը կարող է բավական լրջորեն վնասել հայկական պետությանը:
Քաղաքական վերլուծաբան Մովսես Դեմիրճյանը համակարծիք է, որ խնդիրը սոցիալ-տնտեսական է, ավելին՝ ինչ-որ իմաստով նաև ինքնաբուխ է: «Այստեղ խոսքը երկրի զարգացման վեկտորների ընտրության մասին չէ, կուսակցական գաղափարախոսության ընտրության մասին չէ: Այս իմաստով արտասահմանյան լրատվամիջոցների շատ նյութեր ուղղակի չեն արտացոլում այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում,- «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծել է բանախոսը:
Դեմիրճյանը նկատում է, որ օտարերկրյա լրագրողները կամ դրսի լրատվամիջոցների համար աշխատող լրագրողներն օգտագործում են տվյալ լսարանի համար հասկանալի բառապաշար և անալոգիաներ են անցկացնում տվյալ երկրում տեղի ունեցած դեպքերի հետ: «Մեկ- երկու օրվա ընթացքում մեր լրատվական դաշտն արդեն հիմնական շեշտադրումները կանի, և դրսի ԶԼՄ-ները կսկսեն օգտվել մեր լրահոսից: Ենթադրում եմ, որ այս պահին մեր լրահոսն էլ չունի ձևակերպված նախադասություններ, մտքեր, դատողություններ: Դրանք ավելի շատ իրավիճակային են»,-ասել է նա:
Քաղաքական վերլուծաբանը դժվարանում է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Նրա խոսքով՝ դա կախված է նրանից, թե հավաքի մասնակիցներն այսօր ինչ խնդիր կդնեն իրենց առջև, և այդ խնդիրը որքան իրատեսական կլինի: «Երեկ բավական ուշագրավ իրավիճակ էր ստեղծվում , քանի որ, կարծես, ոչ-ոք չէր սպասում, որ նախագահը քննարկման կհրավիրի մասնակիցներից ոմանց: Կարծում եմ, հանրահավաքի մասնակիցները, անակնկալի գալով, չկարողացան պլանավորել իրենց հետագա գործողությունները՝ ըստ նոր ստեղծված իրավիճակի»,-նկատել է բանախոսը:
Դեմիրճյանի ուղղորդմամբ՝ եթե այսօրվա հանրահավաքը շարունակվի հիմնական խնդրի ներքո, այսինքն՝ չեղյալ համարել սակագնի բարձրացումը, ապա անհրաժեշտ են իրավաբաններ, որոնք պետք է պարզաբանեն՝ թե որ մարմինն իրավունք ունի չեղարկելու այդ որոշումը: «Կարո՞ղ է դա ԱԺ-ն է, կառավարությո՞ւնը, միգուցե նախագա՞հն ունի նման լիազորություններ, գուցե ոչ-ոք էլ չունի նման լիազորություններ, և պահանջը դառնում է անհասցե: Եթե, օրինակ, Ազգային ժողովն ունի նման լիազորություններ, միգուցե իմաստ ունի՞ հանրահավաքի թիրախ դարձնել ոչ թե նախագահին, այլ ԱԺ- ին: Այսինքն՝ քաղաքացիական ակցիան դեռ մաքսիմալիստական հոգեբանության մեջ է, հոգեբանությունն իշխում է տրամաբանության վրա»,-նշել է նա: Քաղաքական վերլուծաբանը լիահույս է, որ այսօրվա հավաքին այդ ամենը հստակեցված կլինեն, և կհայտարարվի պահանջի հասցեատիրոջ անունը: