Լավ դերասանը լավն է, սերիալում կլինի, թե թամադա կլինի, թե թատրոնում կլինի. Գուրգեն Սարգսյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասան Գուրգեն Սարգսյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է:
-Երկար ժամանակ է հեռուստաէկրաններին չեք երեւում, հետաքրքիր է՝ ի՞նչն է պատճառը:
- Հենց հեռուստատեսությունն է պատճառը: Կոնկրետ լուրջ առաջարկներ չկան, որն էլ եղել է, մերժել եմ, քանի որ համապատասախան չի եղել թե ֆինանսապես, թե այլ հարցերով:
-Ստացվում է, որ դերասաններին հեռուստատեսությունները քի՞չ են վարձատրում:
- Չէի ասի, թե քիչ են վարձատրում, պարզապես ներկա պահին ինձ այնքան գումար չեն առաջարկել, ինչքան ունեցել եմ մնացած պրոեկտների ժամանակ, դրա համար կամ իրենք են ասել, չարժե Գուրգենին ասել, որովհետեւ գումարը քիչ է, կամ ինձ են ասել, ես եմ մերժել:
-Առաջարկվող նման քանակի գումարները վիրավորո՞ւմ են Ձեզ:
- Ոչ, չեմ վիրավորվում, ուղղակի ժամանակս եմ աշխատում ճիշտ օգտագործել: Եթե պետք է գնամ դրանով զբաղվեմ քիչ գումար աշխատեմ, ավելի լավ է իմ սիրելի գործն անեմ:
-Շատերը ասում են, թե թատրոնով գումար չեն կարողանում աշխատել:
- Այո, շատերը այդպես են ասում, բայց եթե մի փոքր խելացի ես լինում, թատրոնից էլ ես փող աշխատում, քո գործից էլ ես բավարարվում եւ բավականացնում է, եթե այդ ամենը ճիշտ ես անում:
-Երբ դուք խաղում եք բեմում, դահլիճները մի՞շտ են լիքը լինում:
- Այո, հիմա շատ բան է փոխվել, ավելին ասեմ, այդ հարցում իր լավ ներգործությունն են ունեցել սերիալները, շատերը գալիս են թատրոն իրենց սիրելի սերիալում խաղացող սիրելի դերասանին տեսնելու: Սերիալը իր կարեւորությունը ունեցել է դերասանի համար շատ առումներով՝ եւ ֆինանսապես, եւ ճանաչողական, եւ ճկունության, եթե առաջ դերասանը տեքստը կարող էր 2-3 ամսում սովորել, ապա հիմա սերիալային արագության հետեւանքով այդ ամենը արագ է տեղի ունենում:
-Ինչպե՞ս է ստացվում, որ մեզնում անընդհատ փնովում են սերիալների առկայությունը, բայց միաժամանակ նաեւ առաջ են քաշում դրա լավ հատկությունները:
- Լավ դերասանը լավն է, սերիալում կլինի, թե թամադա կլինի, թե թատրոնում կլինի, նա մեկ է լավն է: Անգամ նույն սերիալը դիտելուց էլ մարդիկ հասկանում են, թե ով է լավ խաղում, ով վատ, գոյություն ունի աչքեր, որը ամեն բան է տեսնում:
-Այսինքն համաձայն չեք այն մտքին, թե սերիալը փչացնում է դերասանին:
- Ոչ, մեծ կտորով չի փչացնում, եթե գիտակից մարդ ես, չի կարող փչացնել, բացի օգուտից, վնաս չի տա: Սերիալը պատրաստի պիես չի, եթե սկսում ես լավ խաղալ, արդեն հեռուստադիտողը սկսում է քեզ սիրել, սցենարիստն էլ ավելի շատ է քո կերպարի համար աշխատում:
-Բայց դա որքանո՞վ է պրոֆեսիոնալ, որ ֆիլմի ընթացքին զուգահեռ է սցենարը գրվում:
- Իհարկե, այդպես պրոֆեսիոնալ չէ, բայց մեր երկրում ինչն է պրոֆեսիոնալ, որ դա էլ պրոֆեսիոնալ լինի, ամեն ինչն է շեղված, այնպես, որ ոչ մեկին մեղադրելու չէ, մարդիկ անում են այն, ինչ կարողանում են, դա սցենարիստի մեղքն էլ չէ: Օրինակ «Մեր գյուղը» 16 մասանոց ֆիլմ էր ու երբ ես մասնակցում էի, իմ կերպարի ողջ ընթացքը գիտեի, դա շատ կարեւոր էր, դու գիտես ուր ես տանում քո կերպարը, իսկ երկար սերիալները այդպես չէ, հնանավոր է լավ գնաս-գնաս, հետո պարզվի, որ հաջորդ օրը քեզ սպանում են:
-Հիմա Ձեզ կարծես լիովին նվիրել եք թատրոնի՞ն:
- Հիմա աշխատում եմ երեք թատրոնում՝ «Գոյ» թատրոնում, Հ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում եւ «32 թատրոնում»: Ես սիրում եմ իմ աշխատանքը, իմ թատրոնը: Այս պահին ուժերս շատ եմ կենտրոնացրել «Գոյ» թատրոնի վրա: Մեր շատ սիրելի Արմեն Մազմանյանից հետո, մենք որոշեցինք, որ այն պետք է ապրի, այս պահին կարելի է ասել այնտեղ ապրելով մենք ամեն բան անում ենք դրա համար, սեպտեմբերին մեծ սպասելիքներ ունենք, որ թատրոնի անունը շատ կբարձրանա նոր գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի գլխավորությամբ, ում հետ համարյա ընկերություն ենք անում ու մտածում ենք, որ «Գոյ» թատրոնը պիտի լինի այնպիսին, որի նմանը չկա Երեւանում, չի եղել եւ մարդիկ էլ երազեն գան մեր թատրոն:
Շարունակությունը՝ այստեղ: