ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը կարեւոր խնդիր լուծեց. ադրբեջանցիները հիստերիկ ցնցումների մեջ են
InterviewՕրերս Ստրասբուրգում տեղի ունեցավ ԵԽԽՎ հերթական նիստը: Հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցում հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումը փոխել է.
«Վաղ առավոտյան տեղի ունեցավ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էին նախնական բերված բանաձեւի փոփոխությունները: Հայկական պատվիրակության, ինչպես նաեւ խորհրդարանական վեհաժողովի այլ պատվիրակների կողմից ներկայացվել էին բազմաթիվ առաջարկներ` կա՛մ տեքստից դուրս բերել այդ բառերը, կա՛մ դրանք վերաձեւակերպել ավելի պատշաճ բառապաշարով, որը համապատասխանում է Մինսկի խմբի չափանիշներին»:
Ինչպես նշեց Արփինե Հովհաննիսյանը, քվեարկությունն անց է կացվել բավական լարված մթնոլորտում. «Քվեարկությունը մոնիթորինգային հանձնաժողովում անցկացվեց շատ լարված եւ մեկ կամ երկու ձայնի տարբերությամբ, որի արդյունքում հանձնաժողովը մեկ փոփոխությանը դեմ էր քվեարկել, իսկ մյուս փոփոխություններին` կողմ:
Իսկ Վեհաժողովի արդեն լիագումար նիստում տիրում էր չափազանց լարված մթնոլորտ. դրա մասին վկայում էր երեկոյան ժամի քվեարկության համար աննախադեպ քանակով պատվիրակների առկայությունը դահլիճում: Նման աշխուժություն սովորաբար տիրում է այն ժամանակ, երբ Ադրբեջանը ցանկանում է տապալել ինչ որ զեկույց կամ ճիշտ հակառակը` իր շահերին համապատասխան վերաձեւակերպել որեւէ հարց»,- նկատեց պատգամավորը եւ հավելեց. «Եկել էին պատվիրակներ, ովքեր սովորաբար ներկա չեն գտնվում նիստերին: Եթե տեսնեք տարբեր փոփոխությունների քվեարկության արդյունքները, ապա կնկատեք, թե ինչ լարված մթնոլորտում են անցել դրանք: 78-83 ձայնով տապալվեց մեկ փոփոխություն, որը վերաբերում էր եզրույթը հանելուն, մյուսը 81-81 հարաբերակցությամբ էր եւ կանոնակարգի համաձայն համարվեց չանցած, իսկ վերջին փոփոխությունը 75-85 հարաբերակցությամբ էր, որն էլ նոր ձեւակերպում տվեց՝ այն է օկուպացիա բառը փոխարինվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին բառերով»:
Արփինե Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ տեղի ունեցած որոշմանը բուռն եւ չափազանց վատ են արձագանքել ադրբեջանական պատվիրակության անդամները: Նրանք իրենց բնորոշ հիստերիկ կեցվածքի մեջ են եղել` զարմացած եւ զայրացած:
Ըստ պատգամավորի՝ գրանցված հաջողությունը հայկական պատվիրակության տքնաջան աշխատանքի արդյունք է. «Պետք է ասեմ, որ այս ամենը մեզ տրվեց հայաստանյան պատվիրակության ջանքերի շնորհիվ, մեծ աշխատանք էր կատարվել նաեւ Ստրասբուրգում՝ Հայաստանի ներկայացուցչության, դրա ղեկավարի, ինչպես նաեւ Արտաքին գործերի նախարարության կողմից: Այո՛, մենք այս ամենին հասանք տքնաջան աշխատանքի շնորհիվ, սակայն պետք չէ սա համարել որեւէ բանի վերջ. տարվող աշխատանքները պետք է լինեն շարունակական, որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել որոշակի արդյունքներ»:
Սոսե Չանդոյան