Ռուսական լրատվամիջոցների նկատմամբ ցուցարարների էմոցիաներն արդարացված են, բայց անարդյունավետ. Լեւոն Խալաթյան
SocietyԱյն էմոցիաները, որոնք ցուցարարներն արդարացիորեն թափում են ռուսական լրատվամիջոցների լրագրողների վրա, արդարացված են, բայց դրանք արդյունքի չեն բերի, քանի որ կդիտվեն որպես անձնական վիրավորանք կամ վերաբերմունք: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ֆինանսական աուդիտոր, շարժաման մասնակից Լևոն Խալաթյանը, ով վերջին օրերին համացանցում հայտնի է դարձել НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցով: «Սառը դատողությունն ամենալավն է, բացատրել, որ սա տնտեսական պահանջ է, քաղաքացիական հավաք է, ոչ թե քաղաքական, և մեր քաղաքացիները պաշտպանում են իրենց իրավունքները»,-ասել է նա:
Բանախոսը կարծում է, որ ռուսական լրատվամիջոցների ոչ ճշգրիտ շեշտադրումներով լուսաբանման դեմն առնելը հնարավոր չէ, «քանի որ նրանք կնկարահանեն ինչ ցանկանան, ոնց ցանկանան եւ այդ ամենը կդասավորեն եւ կմեկնաբանեն ինչպես ցանկանան»:
Լեւոն Խալաթյանն ասում է, որ НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ինքը բացատրել է, որ այս շարժումը քաղաքացիական է, եւ պահանջը շատ պարզ է: «Պահանջը շատ հստակ է, այնքան հստակ է, որը նախատեսում է միայն «այո» կամ «ոչ», այսինքն՝ այստեղ չկան մոխրագույն երանգներ, չկա պղտոր ջրում ձուկ որսալ»,-նշել է:
Մասնագիտական աչքով նայելիս՝ աուդիտորը պնդում է, որ հոսանքի սակագնի բարձրացման շուրջ գործընթացը կանխամտածված ձեւով իրականացվել է ոչ թափանցիկ: «Դա պատահականություն չէ, այսինքն՝ կանխամտածված ոչ մի տվյալ չի տրվել, այն թվերը, որ շրջանառվում են մարդկանց մեջ՝ մեկը մի տեղից է իմացել, մյուսը՝ մեկ այլ: Այսինքն՝ ոչ-ոք չի ներկայացրել հստակ հաշվարկ, ինչը պետք է լինի հրապարակային, ոչ-ոք չի կարող ասել, որ դա կոմերցիոն գաղտնիք է: Սա բնական մենաշնորհ է, ընկերությունը չունի մրցակիցներ, որոնցից պետք է թաքցնել թվերը: ՀԷՑ-ը պետք է ներկայանա հանրությանը և հիմնավորի իր թվերը, այնուհետեւ սպասի դրան հաջորդող գործընթացներին»,-ընդգծել է բանախոսը:
Քանի որ այս ամենը չի եղել, հետեւաբար, ըստ Լեւոն Խալաթյանի, Բաղրամյան պողոտայում գտնվող ժողովուրդն իրավունք ունի պնդելու, որ դրանք օդից վերցված թվեր են: «Մարդիկ ասում են, որ չեն հավատում այդ թվերին, դրանք համարում ենք սարքած, քանի դեռ թափանցիկ չեն, չեն հրապարակվել և մեզ չեն տվել ժամանակ դրանք գնահատելու և հասկանալու»,-ասել է նա:
Բանախոսն այս հավաքները համարում է ուղիղ ժողովրդավարության միջոց: Ըստ նրա՝ մենք այլ տարբերակ չունենք, որովհետև ընտրությունների կամ պետական, քաղաքացիական ինստիտուտների միջոցով չենք կարող պահանջ ներկայացնել: «Միակ ճանապարհն այսօրվա դրությամբ տեսնում ենք այս տարբերակով: Այս ուղիղ ժողովրդավարական միջոցը ես կհամարեմ հայկական-երեւանյան մենթալիտետ»,-եզրափակել է Լեւոն Խալաթյանը: