Քաղաքական ուժերից ամեն մեկը վերմակն իր ոտքերի վրա է քաշում. Ահարոն Ադիբեկյան
InterviewԱնդրադառնալով օրեր առաջ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի դուրս եկած ակտիվիստների կողքին ժամանակ առ ժամանակ հայտնվող եւ տարբեր դիրքերով ֆոտոսեսիաներ իրականացնող որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների դրսեւորումներին՝ «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց. «Զարգացումներն են դրդում քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչների գնալ այս կամ այն քայլին»:
Նա հավելեց, որ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ մշտական բնակությամբ չէին հայտնվում էլէկտրաէներգիայի սակագնի պայքարի թեժ կետերում, քանզի լավ գիտեին, որ այնտեղ նախ նրանց չեն ընդունի, եւ երկրորդ՝ նրանք պարզապես անելիք չունեն: Իսկ ամառվա այս տապին քաղաքական ուժերի կողմից վարվող չափից շատ սառը քաղաքականության վերաբերյալ էլ սոցիոլոգը նշեց.
«Երբ հարց է դրվում, թե ով է գլխավորելու կոալիցիան եւ ում է պետք սատարել, քաղաքական ուժերը սկսում են սառել եւ ամեն մեկը վերմակն իր ոտքերի վրա է քաշում: Դա մենք տեսանք Րաֆֆի Հովհաննիսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքերում: Նման գործելաոճը հավանաբար շարունակական բնույթ կկրի: Նրանք կոմպրոմիսի գալու եւ միասնական որոշում կայացնելու կարողություններից բավական հեռու են: Նրանց չեն սովորեցրել, որ երբեմն միավորվելն ու երկրորդ դերում հանդես գալն ավելի լավ է, քան լինել քաղաքական գործընթացներից դուրս»:
Հարցին, թե որքան կշարունակվի քաղաքական տաղտկալի այս վիճակը, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Հարկավոր է սպասել մինչեւ ընտրությունները: Միեւնույն է, խորհրդարանական ընտրություններին նրանք հանդես են գալու առանձին-առանձին: Նկատենք, որ եթե մենք դառնանք խորհրդարանական պետություն, ապա նրանց միավորվելու հարցն ընդհանրապես օրակարգային չի լինի: Նրանցից ամեն մեկն իր ծրագրով հանդես կգա` նպատակ ունենալով, որ հետագայում գուցե եւ խորհրդարանում կարող են միավորվել»:
Սոսե Չանդոյան