«Վանաձոր-Քիմպրոմից» նյութեր են վաճառվում, բայց աշխատողներին աշխատավարձ չի վճարվում
Society«Վանաձոր-Քիմպրոմի» պարտքը գործարանի աշխատակիցներին հուլիս ամսվա դրությամբ կազմում է 180 մլն դրամ՝ չհաշված դեկտեմբերին կրճատումների հետևանքով աշխատանքից ազատվածների վերջնահաշվարկի գումարները՝ մոտ 100 մլն դրամ: Աշխատողներն այժմ սպասում են հուլիսի 18-ին, քանի որ Լոռու մարզպետի խոստման համաձայն՝ վերջինս պետք է որոշակի քայլեր ձեռնարկեր խնդրի լուծման ուղղությամբ:
«Քիմպրոմի» աշխատակիցների տեղեկացմամբ՝ 3 ամիս է՝ երկաթյա և այլ մետաղյա նյութեր ու խողովակներ են ապամոնտաժվում ու դուրս բերվում գործարանից, ինչից ստացված գումարը, ըստ տեղեկությունների, պետք է աշխատավարձի պարտքի մարմանն ուղղվեր, սակայն իրենց այդպես էլ ոչ մի գումար չի վճարվել:
«6-7 ամիս է, ինչ աշխատավարձ չենք ստացել, գործարանից այնքան նյութեր են դուրս եկել, որ նույնիսկ մեծածախ գնով էլ որ հաշվենք, այդ գումարը կբավականացներ ամբողջ ընկերության գոնե մեկ ամսվա աշխատավարձի պարտքը մարելուն, բայց չի արվել, ու դրանից բացի լսում ենք, որ շաբաթը 2 անգամ մեքենայով ապրանք է դուրս եկել գործարանից»,- Orer.am-ին պատմեցին գործարանի աշխատակիցները:
Համբերությունը կորցրած աշխատողներն այս պահին արգելել են գործարանում ապամոնտաժման որևէ աշխատանք այնքան ժամանակ, մինչև հստակ երաշխիքներ չտրվեն իրենց, որ գործարանի նյութերի վաճառքից ստացվող գումարն ամբողջությամբ աշխատավարձի պարտքերին է հատկացվելու:
Ադրինե Թորոսյան