Ադրբեջանցիները բավական ծիծաղելի ու հիմար իրավիճակների մեջ են հայտնվում իրենց «սեւ ցուցակի» պատճառով
SocietyԱդրբեջանական տխրահռչակ իշխանություններն այլեւս կախված են փրփուրներից: «Սեւ ցուցակ» կոչվածը որպես պայքարի մեթոդ դարձրած անհասկանալի ծագումնաբանության արարծներն աշխարհահռչակ օպերային երգչուհի Լյուբով Կազանովսկայայից հետո որոշել են իրենց ցուցակում ընդգրկել նաեւ ԼՂՀ-ում դեռ ժամանակավոր բնակություն հաստատած ռուս մեծահարուստ Գերման Ստերլիգովին:
Հիշեցնենք, որ բիզնեսմենը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է գտնվում ընտանիքով` կնոջ եւ հինգ երեխաների հետ: Նա մտադրություն ունի խոշոր բիզնես ներդրում կատարել ԼՂՀ-ում, ինչի հետ կապված ռուսաստանցի օգնականներին է հրահանգել վաճառել Ռուսաստանում իր ունեցվածքը:
Աշխարհահռչակ եւ հայտնի անձանց` ադրբեջանական «սեւ ցուցակում» հայտնվելու վերաբերյալ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ: Նախ խոսելով Գ. Ստերլիգովի` ԼՂՀ այցի եւ նրա հարցազրույցի մասին` Կարինե Աճեմյանը նշեց. «Գերման Ստերլիգովի մասին կարդացել էի մինչ նրա ԼՂՀ այցելելը: Նա էկոլոգիապես մաքուր սնունդի, առողջ ապրելակերպի կողմնակից է եւ դա իր կյանքով է ապացուցում: Ստերլիգովը ունեցել է ֆերմաներ, զբաղվել է հենց այդ գործով: Ընթերցել եմ նրա հարցազրույցը, որտեղ Գերմանը ասել է, որ առավել էկոլոգիապես մաքուր եւ համեղ սնունդ, ավելի մաքուր օդ, քան Ղարաբաղում է, չկա: Քանի, որ նրա խոսքերը բոլորիս, այդ թվում նաեւ իմ սրտից էր բխում, հավելեմ, որ առավել մարդկային եւ ջերմ հարաբերություններ, քան այդ տարածքում է, չկա: Այնպես որ, ես նրա հիացմունքը հասկանում եմ»,- ընդգծեց պատգամավորը եւ հավելեց,- «Նա որոշել է ներդրում անել ԼՂՀ-ում եւ իր կյանքը կապել այդ տարածքի հետ: Եթե Գերմանի համար դա պարզապես մի հրաշք տեղ է, որտեղ նա կարող է իր երեխաներին առողջ մթնոլորտում մեծացնել, ապա մեզ համար դա մեր հայրենիքն է, որի համար պետք է հպարտանանք եւ ամեն ինչ անենք, որ հասնենք մեր բաղձալի նպատակներին»:
Իսկ բիզնեսմենի՝ սեւ ցուցակում հայտնվելու վերաբերյալ էր պատգամավորն ասաց, որ այդ ցուցակի առկայությունից Ադրբեջանը ոչ թե շահում, այլ առաջին հերթին ինքն իրեն է վնասում. «Ես չեմ կարծում, որ բիզնեսմենին ինչ որ ձեւով հուզում է ադրբեջանական «սեւ ցուցակում» հայտնվելը, որովհետեւ ես ինքս հանդիպել եմ մարդկանց հետ, ովքեր գտնվում են այդ ցուցակում: Պետք է նշեմ, որ նրանք այդ ցուցակին շատ հումորով եմ վերաբերվում: Մի կարեւոր եւ հետաքրքիր օրինակ բերեմ. այդ «սեւ ցուցակի» պատճառով ադրբեջանցիները շատ են տուժել, որովհետեւ մոտ երկու տարի առաջ միջխորհրդարանական միության տարեկան վեհաժողովի հետ կապված նրանք արեցին ամեն ինչ, որ դա տեղի ունենա Բաքվում: Իհարկե, մեր պատվիրակությունն էլ իր հերթին ամեն ինչ արեց, որ այն Բաքվում տեղի չունենա, սակայն վերջում ամենակարեւոր հանգամանքներից մեկը դարձավ «սեւ ցուցակը», որն էլ խանգարեց նրանց ծրագրերը կյանքի կոչել: Եվրոպացիները, իմանալով այդ ցուցակի մասին, պարզապես այդ վեհաժողովը տեղափոխեցին Ժնեւ: Այսինք, իրենց այդ «սեւ ցուցակն» առաջին հերթին իրենց է խանգարում: Նրանք բավական ծիծաղելի ու հիմար իրավիճակների մեջ են հայտնվում: Հիշենք Կազարնովսկայայի խոսքը, երբ նա, հայտնվելով այդ ցուցակում, ասաց, որ իրենց Ադրբեջանը կամ Բաքուն բացարձակ չեն հուզում: Նա հպարտությամբ նշել է, որ ինքն իրեն շատ ավելի լավ է զգում, երբ հայտնվում է Մոնսերատ Կաբալյեի կողքին` Ղարաբաղում, քան հայտնվում է այդ ցուցակում»:
Սոսե Չանդոյան