Ալիեւը ոչ թե պատերազմելուց, այլ պատերազմը տանուլ տալուց է վախենում. Մանվել Եղիազարյան
InterviewԱրցախի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում բավական լարված էին նաեւ Սյունիքի սահմանամերձ տարածքները: Սահմանում տիրող լարված իրավիճակի եւ ադրբեջանական հերթական ստոր քայլերի վերաբերյալ Orer.am-ը զրուցեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ. «Անցած մեր զրույցի ժամանակ ես նշել էի, որ երբ Ադրբեջանում կավարտվեն օլիմպիական խաղերը, այդ ժամանակ էլ ադրբեջանցիները կակտիվանան: Իսկ վերջին զարգացումները խոսում են այն մասին, որ նրանք արդեն իսկ ակտիվացել են եւ իրենց մարտավարության մեջ որեւէ փոփոխություն չի եղել ու չի էլ լինելու: Նմանատիպ ցեղերը մշտապես մասնատել են Հայաստանն ու պատառ-պատառ արել: Մի մոռացեք, որ մոտ 500 տարի առաջ, երբ հայտնվեցին սելջուկները, հետո թաթարները, իրենց համառությամբ ժամանակի ընթացքում մեզանից պոկեցին մեր երկիրը: Եվ մենք այսօր ունենք փոքրիկ Հայաստան»:
Հարցին` որքա՞ն ժամանակ ենք դեռ պատառոտվելու, հրամանատարը պատասխանեց. «Այս վիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ մենք ամուր երկիր չունենանք, մինչեւ մեր խոսքը հայտնի չլինի, մինչեւ համաշխարհային արենայում՝ որպես ազնվագույն երկիր եւ ժողովուրդ, հանդես չգանք եւ մեզ հետ հաշվի չնստեն: Պետք է ասեմ, որ ադրբեջանցիներն էլ, թուրքերն էլ շատ լավ գիտեն, թե ինչ վիճակ է տիրում Հայաստանում. նրանք տեսնում են, որ մենք այսօր միահամուռ կերպով հանդես գալ չենք կարողանում: Մոտ 300 տարի է մենք այս վիճակում ենք գտնվում, իսկ որպեսզի վիճակը շտկվի, ասպարեզում պետք է հայտնվեն առաքինի, կարգապահ, ազնիվ մարդիկ, ովքեր ունեն խոսքի իրավունք եւ կարող են պետք եղած ժամանակ էլ պաշտպանել հայրենիքը: Մենք պետք է ցույց տանք ու ապացուցենք աշխարհին, թե ինչպիսին պետք է լինի իսկական հայորդին»:
Իսկ թե երբ կարող է վիճակը սահմանին վերահսկողությունից դուրս գալ, Մանվել Եղիազարյանը նկատեց. «Որքան պատերազմները սկսում են թեժանալ, այնքնան իսլամիստները սկսում են տեռորիստական ակցիաներ իրականացնել. այդքան շուտ այս ռեգիոններում իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ: Իսկ Ադրբեջանն էլ այդ վիճակից կարող է օգտվել: Ասեմ, որ Ալիեւը պատերազմելուց չի վախենում, նա պատերազմը տանուլ տալուց է վախենում, իսկ եթե նման բան լինի, նրան պարզապես գահընկեց կանեն»:
Սոսե Չանդոյան