Կարինե Աճեմյանը՝ ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի մասին
InterviewՕրերս ադրբեջանցիները վերսկսել են իրենց տմարդի գործողությունները հայկական կողմի նկատմամբ` կրակահերթեր խաղաղ բնակիչների եւ սահմանապահ զինվորների ուղղությամբ: Շատերը այս իրադարձությունները կապում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված «Ժողովրդավարական կառույցների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի հետ, որտեղից քվեարկության միջոցով հանվեց «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս 7 տարածքների բռնազավթում» տերմինը՝ այն փոխարինելով միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտություն տերմինով։
Ինչպես տեղեկացրել էինք նախորդ նյութերում, Ադրբեջանի պատվիրակությունն արել է հնարավոր ամեն բան «ԼՂ օկուպացիա» տերմինի ներառման համար, սակայն իզուր: Վերը նշված իրադարձությունների վերաբերյալ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ. «Մենք մշտապես ինչ որ զուգահեռներ ենք անցկացնում, որոշակի գործընթացների հետ ենք ուզում կապել տեղի ունեցող ռազմական գործողությունները: Ես կարծում եմ, որ դրանք ադրբեջանցիների ագրեսիվ քաղաքականության տրամաբանության մեջ պետք է դիտարկել, որովհետեւ դրանք պարբերաբար են կրկնվում: Իհարկե, ԵԽԽՎ-ում ներկայացված բանաձեւում օկուպացված տարածքների մասով դրույթը հանելը հնարավոր է, որ որոշակի ազդեցություն ունենցած լինի ադրբեջանցիների վրա: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ սա պարզապես նրանց հերթական ագրեսիվ քայլն էր՝ ուղղված մեր զինվորներին ու սահմանին»:
Հարցին, թե ինչու՞ են լռում միջազգային հանրությունն ու եվրոպական կառույցները, պատգամավորը պատասխանեց. «Եվրոպական կառույցները եւ միջազգային հանրությունը պետք է արդարացի եւ օբյեկտիվ գնահատական տան այս իրադարձություններին: Երբեմն-երբեմն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից մեկը ինչ որ ձեւով հանդես է գալիս: Լինում են քաղաքական գործիչներ, ովքեր իրենց դիրքորոշումը հայտնում են, սակայն, խոշոր հաշվով, կոնկրետ եւ օբյեկտիվ գնահատական այն կառույցների կողմից, որոնք իրավասու են, երբեք քննադատության խոսքեր չեն հնչում: Դա էլ երեւի կապված է գլոբալ քաղաքականության խնդիրների հետ: Ինքս համարում եմ, որ այդ գնահատականները շատ կարեւոր են, որպեսզի նմանատիպ գործողությունները կանխվեն»:
Ըստ պատգամավորի՝ վերջին օրերին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կատարած այցը Մեծ Բրիտանիա եւս մեծ ազդեցություն թողեց Ադրբեջանի վրա, քանի որ այնտեղ նա շատ կարեւոր հարցերի մասին է խոսել:
Սոսե Չանդոյան