Արցախը շատ ավելի ժողովրդավար է, քան Հայաստանն ու Ադրբեջանը. Լյուդմիլա Սարգսյան
Interview«Աշխարհը սկսել է ինչ որ ձեւով արձագանքել Արցախի կայացմանը, եւ այն՝ որպես առանձին կայացած պետություն, պետք է հանդես գա՝ անկախ նրանից՝ որոշ պետություններ կուզեն, որ դա այդպես լինի, թե ոչ»,- այս մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց Վերակազմյալ ՍԴՀԿ-ի ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Անդրադառնալով Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին եւ միջազգային հարթակներում ԼՂՀ-ի շուրջ ձեւավորվող վերաբերմունքին՝ տիկին Սարգսյանը նշեց. «Ես ուզում եմ մտածել, որ Արցախի շուրջ իրադարձություններն այսուհետ կզարգանան ի օգուտ Հայաստանի եւ ԼՂՀ-ի: Նկատենք, որ Արցախը շատ ավելի ժողովրդավար է, քան Հայաստանն ու Ադրբեջանը: Իսկ ինչ վերաբերում է Արցախում տեղի ունեցող զարգացումներին, ապա ասեմ, որ դրանք գործընթացներ են, որոնք առաջ են գնում՝ անկախ Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Թուրքիայի ցանկություններից: Եթե մենք կարողանանք Արցախի զարգացման, ժողովրդավարացման գործընթացը խորացնել, ուրեմն ժամանակն ի օգուտ մեզ կաշխատի, եւ վաղ թե ուշ աշխարհը կճանաչի Արցախի անկախությունը»:
Իսկ հայտնի ռուս բիզնեսմեն Գերման Ստերլիգովի` Արցախ տեղափոխվելու եւ այնտեղ նրա ներդրումային պլանների վերաբերյալ էլ պատգամավորն ասաց. «Ռուս հայտնի գործարարի ներդրումներին անդրադառնալով՝ կարող եմ ասել, որ նրա այդ քայլը կարելի է միայն ողջունել: Ինձ համար մի փոքր հստակ չէ, թե ինչու է նա այդ որոշումը կայացրել, բայց եթե լավատեսորեն մոտենանք հարցին, իսկ ես ուզում եմ այդպես մոտենալ, ապա նա, հավանաբար, մի փոքր տեղյակ է, որ ամեն դեպքում Արցախը հստակ զարգացման ուղղով է գնում և այսուհետ լինելու է անկախ, ազատ, ինքնուրույն եւ ինքնիշխան պետություն: Հավանաբար դա է այն պատճառը, որը նրան ներշնչել է ներդրումներ կատարել Արցախում»:
Հարցին` արդյո՞ք ռուս մեծահարուստի՝ Արցախ տեղափոխվելը Ռուսաստանի կողմից ակնարկ չէ Արցախին եւ հատկապես Ադրբեջանին այն առումով, որ գերտերությունը կանգնած է Արցախի անկախության կողքին, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, վաղաժամ եմ համարում նման հետեւություններ անելը, թեպետ կուզեի, որ դա այդպես լիներ: Ես վստահ եմ, որ անհրաժեշտ պահին Ռուսաստանը կկայացնի շատ կարեւոր որոշում, թե ինչ դիրքորոշում ինքը պետք է ընդունի: Ես կարծում եմ՝ Ռուսաստանը պարզապես պարտավոր է հայանպաստ դիրքորոշում ընդունել, քանի որ մենք եւ՛ ՀԱՊԿ, եւ՛ ԱՊՀ, եւ՛ Եվրասիական միության անդամ ենք, եւ նրա որոշումն աջակցության հարցով ի օգուտ Հայաստանի պետք է լինի: Ես ավելի շատ հակված եմ մտածելու, որ գործարարը ոչ թե պայմանավորվել է Ռուսաստանի իշխանությունների հետ եւ դրա արդյունքում է Արցախում հայտնվել, այլ ընդհանուր տրամաբանությունը եւս նրան հուշում է, որ Ռուսաստանը պարտավոր է ամուր կանգնել Արցախի եւ Հայաստանի կողքին»:
Սոսե Չանդոյան