Որտե՞ղ են նախընտրում իրենց ամառային հանգիստն անցկացնել պատգամավորները
SocietyOrer.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների՝ ամառային հանգստի համար նախըտրելի վայրերը:
Զրուցելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ՝ իմացանք, որ նա այս տարի հավանաբար չի բացակայի երկրից եւ իր հանգիստը կանցկացնի Հայաստանում. պատճառը ոչ միայն հարգելի է, այլեւ ուրախալի. «Մենք ողջ ընտանիքով սպասում ենք, թե երբ է ծնվելու մեր փոքրիկը` թոռնիկս: Սրտի մեծ թրթիռով ու անհամբեր սպասում եմ այդ օրվան: Հենց այդ պատճառով էլ չենք բացակայելու երկրից: Հիմա ես պարզապես Հայաստանից բացակայելու իրավունք չունեմ: Թոռնիկիս ծնվելուց հետո, եթե հնարավորություն լինի՝ մեր երկրի մի գողտրիկ անկյունում մեկ շաբաթ կհանգստանանք, եթե ոչ, ապա մեր ժամանակը կնվիրենք մեր փոքրիկին»:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ, ինչպես միշտ, այս տարի եւս կհանգստանա իր հայրենիքում` Ղարաբաղում. «Ինչպես միշտ, այս տարի եւս կհանգստանամ Ղարաբաղում: Այնտեղ ես ինձ լավ եմ զգում. օդը մաքուր է, ջուրը հաճելի սառը: Ամառային հանգստի ամենակարեւոր բաղադրիչներից մեկն էլ այն է, որ բոլորս հավաքվում ենք մեկ վայրում, ասում ենք, խոսում ենք, իրար դրական լիցքեր ենք փոխանցում: Ես սիրում եմ, երբ հարազատներն ու բարեկամները հավաքվում են»:
Թեպետ զարմանալի չէ, բայց ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Հովհաննես Սահակյանը, եւս սիրում է ամառային հանգիստն անցկացնել Արցախում. «Ես շատ եմ սիրում մեր Հայաստանը: Ամառվա հանգստի ժամանակ նախեւառաջ լինում եմ իմ շատ սիրելի քաղաքում` Սպիտակում, սիրում եմ այցելել նաեւ Արցախ, այնտեղ եւս շատ հաճելի եւ հետաքրքիր ժամանակ կարելի է անցկացնել: Թեկուզ այս տարի դեռ չեմ հասցրել որեւէ տեղ ընտանիքիս հետ հանգիստ անցկացնել, բայցեւայդպես, շատ եմ սիրում հանգստանալ ծովում»:
Սոսե Չանդոյան