Մեր հավաքը անվստահության արդյունք է. Նաիրիտի աշխատակից
Interview«Նաիրիտի» նախկին աշխատակիցները կրկին կառավարության շենքի առջև էին: Պահանջը նույնն էր՝ վճարել աշխատավարձերը: Կառավարությունից նրանց հետ խոսելու եկավ կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով խոստացավ, որ անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելուց հետո մինչև ամսվա վերջ կվճարեն բոլորի աշխատավարձերը:
Orer.am-ը զրուցեց «Նաիրիտի» նախկին աշխատակից Աշոտ Ավետիսյանի հետ, ով իր խոսքում նշեց, որ այսօրվա հավաքը կառավարության հանդեպ անվստահության արդյունք է. «Իհարկե, սպասելու ենք մինչև իրենց նշված ժամկետը: Այսօրվա հավաքը թող թյուրիմացության մեջ չգցի մարդկանց, որ նորից պահանջներ, նորից կոչեր ենք անելու: Սա ընդամենը ժողովրդի մեջ խորացած անվստահության, կասկածի արդյունք է: Շատ են ժամկետներ նշվել, ու մեզ թվացել է, որ խնդիրը վերջնական լուծվելու է, բայց չի լուծվել: Երեկ նորից խոստում եղավ. մենք մեր պարտավորությունները վերցրինք, իրենք՝ իրենցը ու նորից թվում է, որ ամեն ինչ հստակ է, բայց մարդկանց մեջ այնքան է խորացել այդ անվստահությունը, կասկածը, որ անկախ ամեն ինչից՝ թվում է, որ եթե չգանք այստեղ, չկանգնենք՝ խնդիրը չի լուծվի»:
Աշոտ Ավետիսյանը նշեց, որ այժմ փորձում են արագացված կերպով ստորագրել փաստաթղթերը, որպեսզի հնարավորինս շուտ ստանան գումարը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ խոստացվել էր մինչև հուլիսի 15-ը ամբողջությամբ մարել ողջ գումարը, Աշոտ Ավետիսյանն ասաց, որ իրենց համար էլ է զարմանալի, թե ինչու այս փաստաթղթերը ներկայացրին վերջին օրով ու երկարացրին վճարման գործընթացը:
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» նախկին աշխատակիցներին խոստացել էին մինչև հուլիսի 15-ը վճարել աշխատավարձերը, սակայն օրեր առաջ ասել էին, որ պետք է ստորագրեն փաստաթղթեր, որով երաշխավորելու են, որ հետագայում դատական կարգով փոխհատուցում չեն պահանջելու աշխատավարձերի ուշացման համար: Փաստաթղթերի ստորագրման գործընթացի պատճառով վերջնաժամկետը երկարացվել էր, ինչը վրդովվեցրել էր «Նաիրիտի» նախկին աշխատակիցներին:
Անժելա Պողոսյան