Պաշտպանը միջնորդեց բերման ենթարկել դատարան չներկայացող՝ տուժող ճանաչված դատավորին
SocietyԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանը, Թովմա Մաթևոսյանի աղմկահարույց սպանության գործով ամբաստանյալին դատապարտելով 10 տարվա ազատազրկման, այնուհետև հաղորդում է ներկայացրել նրա հոր՝ Վանաձորի հիվանդանոցի բժիշկ Նորիկ Մելիքյանի դեմ: Ինչպես հաղորդում է Orer.am-ը, ըստ դատավորի հաղորդման՝ ամբաստանյալի հայրը 20.03.2015թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրի թիվ 3 նիստերի դահլիճում, դատարանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, ինչը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ իրեն՝ դատավորին վիրավորելով, իր հասցեին հնչեցրած` «տգետ» և այլ վիրավորական արտահայտություններով և սեռական բնույթի հայհոյանքներ տալով: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իր հաղորդման հիման վրա տուժող ճանաչված դատավորը, սակայն, պատշաճ ծանուցված լինելով, արդեն 5-րդ անգամ առանց հարգելի պատճառների չի ներկայանում դատարան՝ կայացված դատական նիստերին: Եվ փաստորեն, քաղաքացուն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ մեղադրող դատավորը նույն կերպ ինքն է անհարգալից վերաբերվում դատարանին:
Վերջին դատական նիստին պաշտպան Գուրգեն Հարությունյանը միջնորդեց նախագահող դատավոր Սուրիկ Բաղդասարյանին՝ բերման ենթարկելու որոշում կայացնել դատարանից չարամտորեն խուսափող դատավորի նկատմամբ: Պաշտպանը վկայակոչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի պահանջը՝ միաժամանակ նշելով, որ դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելը՝ պատշաճ ծանուցվելուց հետո առանց հարգելի պատճառների 2 կամ ավելի անգամ դատարան կամ դատական նիստին չներկայանալը, առաջացնում է ընդհուպ քրեական պատասխանատվություն:
Դատավոր Ս. Բաղդասարյանը, միայն նիստի ավարտին պաշտպանի հիշեցումից հետո անդրադառնալով դատավորի նկատմամբ սանկցիա կիրառելու նրա միջնորդությանը, մերժեց այն՝ ասելով, թե այս պահին բերման որոշում կայացնելու հիմքեր չկան, քանի որ, «ըստ իրենց ունեցած տեղեկությունների», դատավոր Մկոյանն այս պահին արձակուրդում է: «Կվերադառնա արձակուրդից, այդ ժամանակ էլ կքննարկվեն ձեր կողմից արված միջնորդությունները, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-ասաց նախագահող դատավորը:
Նշենք սակայն, որ նիստերի քարտուղարը, սույն գործով յուրաքանչյուր նիստին զեկուցելով պատշաճ ծանուցված, սակայն չներկայացած տուժող դատավորի բացակայության մասին, որևէ անգամ չի նշել չներկայանալու որևէ պատճառ:
Գործի քննությունը հետաձգվել և վերանշանակվել է օգոստոսի 19-ին՝ ժամը 12-00-ին, քանի որ ամբաստանյալը հայտարարել է, որ ցուցմունք կտա միայն տուժող ճանաչված դատավորի հարցաքննությունից հետո:
«Եթե դատավոր է, իրավո՞ւնք ունի չգա. 6-րդ անգամ արդեն: Դատավոր Ս.Բաղդասարյանը (նախագահողը` հեղ.) երևի զուտ ընկերական կամ գործընկերական հարաբերությունները հաշվի առնելով, ողջամիտ միջոց չի ձեռնարկում տուժող դատավորին դատարան ներկայացնելու համար ու չի կիրառում դատական սանկցիա: Եթե նման վարքագիծ փաստաբանը կամ մեկ ուրիշը ցուցաբերեր՝ դատարանը հաստատ սանկցիա կկիրառեր, իսկ քաղաքացու դեպքում՝ ոստիկանության ողջ մարզային վարչությունը կուղարկեր նրա հետևից: Ի վերջո անձը, որ դատավոր է աշխատում, պարտավոր է հարգել օրենքը կամ առնվազն իր գործընկերոջը, որն ամեն անգամ իր պատճառով հայտնվում է անհարմար վիճակում: Միգուցե դատավոր Ա. Մկոյանը հասկացե՞լ է, որ սխալ հաղորդում է տվել ու այդ պատճառով էլ խուսափում է դատարան ներկայանալուց, ո՞վ գիտի»,-դատավորի վարքագծի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնում պաշտպան Գուրգեն Հարությունյանը:
Ադրինե Թորոսյան