Բավական է՝ մենք ինչ-որ տեղ թուլանանք, պատերազմը կարող են վերսկսել. քաղաքագետ Լևոն Շիրինյան
SocietyԱդրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվում են: Հնարավոր պատճառներին ու զարգացումներին այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադարձավ քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը, ըստ քաղաքագետի՝ պատերազմի հավանականություն միշտ էլ առկա է: «Ես միշտ հավանական եմ համարում պատերազմի վերսկսումը: Թուրք էթնոսը ամենահարմար պահի ցեղասպանության փորձ է կատարում: Հատկապես այս սահմանադրական փոփոխությունների ֆոնին, որում կարծես պետականության լիկվիդացիայի նպատակ կա, կարող են այս վիճակը օգտագործել: Անցած տարի հուլիս-օգոստոս ամիսներին մինի պատերազմ էր, որը, բարեբախտաբար, չվերածվեց մեծ պատերազմի ՀՀ բանակի գործողությունների հետևանքով: Բավական է՝ մենք ինչ-որ տեղ թուլանանք, կարող են հարձակվել, եթե ոչ մեծ պատերազմ, ապա միջին պատերազմ կարող են սկսել»,- համոզված է Լ. Շիրինյանը:
Ըստ Լևոն Շիրինյանի՝ Ադրբեջանը նման պահվածքով նպատակ ունի քամել հայկական կողմի ուժերը, խուճապ ստեղծելով ավելացնել արտագաղթը ու սահմանամերձ գոտում անհանգիստ վիճակ ստեղծել՝ գյուղերի բնակիչներին ստիպելով չմշակել հողերը: «Սա մահացու ռազմավարություն է: Ուզում են մեզ խփելով հասկացնել, որ ոչ մի հեռանկար չունենք, հետո նաև Արևմուտքին ցույց տալ, որ մենք կռվելու ենք»,-կարծում է քաղաքագետը:
Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկատվությանը՝ քաղաքագետը նշեց, որ դա հիմնականում ուղղված է հայկական լսարանին, իսկ պատճառը մեզանում խուճապ առաջացնելն է, իսկ Ադրբեջանում՝ իրենց մարտական ոգին բարձրացնելը:
Քաղաքագետը նշեց, որ Հայաստանը պետք է կոնֆլիկտի մեջ հստակեցումներ մտցնի: «Կոնֆլիկտում կան ուղղակի ու ոչ ուղղակի մասնակիցներ: Ուղղակիներն Ադրբեջանի Հանրապետւթյունն է ու Արցախի Հանրապետությունը, ոչ ուղղակիները՝ Հայաստանը՝ Արցախի անվտանգության ու տարածքային ամբողջականության երաշխավորը և Մինսկի խումբը, որի մեջ կա նաև Թուրքիան, որը ադրբեջանական խողովակով միշտ կոնֆլիկտի մեջ է: Հայկական կողմը կոնֆլիկտի կառուցվածքի մեջ պետք է ընդունի, որ կոնֆլիկտի անուղղակի մասնակից է և դուրս գա բանակցությունների գործընթացից: Բանակցություններ պետք է վարի ոչ թե Հայաստանը, այլ Արցախի Հանրապետությունը»,- համոզված է բանախոսը՝ նշելով, որ հակառակ դեպքում Հայաստանն է ներկայացնում այն ու կոնֆլիկտը դառնում է տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
Անժելա Պողոսյան