Կարճվել է փաստաբանի կողմից քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը
SocietyՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի վարույթում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության արդյունքում որոշում է կայացվել կարճել ՀՔԾ քննիչի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով (Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը) հարուցված քրեական գործի վարույթը եւ քրեական հետապնդում չիրականացնել փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ պարզվել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործով տուժողի՝ հոգեկան հիվանդությամբ տառապելու և գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու, վերարտադրելու ունակությունը պարզելու նպատակով նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն, որի հերթական նիստի օրը նշանակվել է 2015թ. մայիսի 21-ին՝ «Նորք» հոգեբուժական կենտրոնում։
ՀՔԾ քննիչի զեկուցագրի համաձայն՝ փաստաբանը, մասնակցելով հանձնաժողովի նիստին, «հանձնաժողովի կազմում ընդգրկված փորձագետներին վիրավորել է նրանց սադրիչ հարցեր ուղղելով, վերջիններիս կողմնակալության մեջ անհիմն մեղադրելով և այլ դիտավորյալ գործողություններով, վիճաբանել հանձնաժողովի անդամների հետ, խաթարել հանձնաժողովի բնականոն աշխատանքը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի պահանջի խախտմամբ չի ենթարկվել ապօրինի վարքագիծը դադարեցնելու քննիչի օրինական կարգադրություններին, ինչի արդյունքում փորձաքննությունը հերթական անգամ չի կայացել, հետաձգվել է, որպիսի դիտավորյալ գործողություններով փաստաբանը միջամտել է գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու նրա գործունեությանը»:
2015թ. մայիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատախազության միջոցով այն ուղարկվել ՝ ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ եւ ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Հարցաքննվել են հանձնաժողովի տվյալ նիստին ներկա անդամները, ՀՔԾ քննիչը, տուժողը, ում նկատմամբ նշանակվել էր փորձաքննությունը։ Հարցաքննության է հրավիրվել նաեւ փաստաբանը, ով, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ քննարկելով փաստաբանի գործողությունները՝ «Նորք» հոգեբուժական կենտրոնում տուժողին ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու նիստի ժամանակ, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը եկել է այն եզրահանգման, որ փաստաբանի կողմից գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակը չի հիմնավորվել:
Քննությամբ պարզվել է, որ ամբուտալոր հանձնաժողովի նախագահն ի սկզբանե նշանակված է եղել Վ.Բաբայանը, ում տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը, բացարկ է հայտնել եւ վիճարկել նրա օբյեկտիվությունը՝ արձանագրելով, որ նա ժամանակին փորձաքննության է ենթարկել տուժողին, հետեւապես կարող է կաշկանդված լինել իր նախկին դիրքորոշմամբ։ Փաստաբանի բացարկը բավարարվել է եւ հանձնաժողովի կազմը՝ փոփոխվել:
Դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի հերթական նիստի օրը նշանակվել է 2015թ. մայիսի 21-ին «Նորք» հոգեբուժական կենտրոնում։ Նիստին փաստաբանը ներկայացել է փոքր-ինչ ուշացումով, իսկ մինչ նրա գալը հանձնաժողովի անդամները մի քանի ներածական հարցեր են ուղղել տուժողին՝ մասնավորապես կապված նրա ձախ թևի կոտրվածքի հետ: Փաստաբանի՝ աշխատասենյակ մուտք գործելուն գրեթե զուգահեռ հանձնաժողովի անդամներից մեկը հայտարարել է. «ես ավարտեցի, ամեն ինչ պարզ է», ինչից փաստաբանը վրդովվել է, բողոքել, որ առանց իրեն ե ն սկսել փորձաքննությունը, վիճարկել փորձագետների օբյեկտիվությունը եւ հետաքրքրվել Վ.Բաբայանի հետ նրանց առնչությամբ։ Փաստաբանը հայտարարել է, որ տուժողը նախկինում հարկադրաբար բուժվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում, իսկ կենտրոնի աշխատակիցները տվյալ հանձնաժողովի անդամների գործընկերներն են, ուստի օբյեկտիվ եզրակացություն հանձնաժողովը տալ չի կարող:
Ձեռք բերված ապացույցները վկայում են, որ փաստաբանի արարքի հիմքում եղել է ոչ թե փորձաքննության կատարումը խափանելու և այդպիսով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակը, այլ իր կողմից ներկայացվողի օրինական շահերը պաշտպանելը, որն առաջացել է հանկարծակի՝ փորձագետի հայտարարության կապակցությամբ: Ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության կատարման սենյակ մուտք գործելուն զուգահեռ լսելով հանձնաժողովի անդամի արտահայտությունը, որ ավարտել է իր աշխատանքը՝ փաստաբանը դա ընկալել է որպես կողմնակաÕ ¬ վերաբերմունք տվյալ փորձաքննության իրականացման կապակցությամբ եւ փորձել է պաշտպանել իր կողմից ներկայացվողի օրինական շահերը:
Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա, որպիսի հանգամանքն առկա է տվյալ դեպքում, այսինքն՝ առկա է քրեական վարույթը բացառող հիմք՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը որոշում է կայացրել կարճել քրեական գործի վարույթը եւ փաստաբանի նկատմամբ չիրականացնել քրեական հետապնդում՝ նրա արանքում հանցակազմի բացակայության հիմքով: