Այս ամենից «խավիարի» հոտ է գալիս. Դ. Բաբայանը` Մամեդյարով-Մարկովիչ հանդիպման մասին
InterviewԵրեկ տեղի ունեցած Մամեդյարով-Մարկովիչ հանդիպման ժամանակ ադրբեջանցի քաղաքական գործիչը «լացել է Մարկովիչի փեշերին»՝ ասելով, թե իբր հայերը թույլ չեն տալիս սահմանամերձ գոտու ադրբեջանական բնակչությանը օգտվել Լեռնային Ղարաբաղում գտնվող Սարսանգի ջրամբարից: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ զեկուցող, բոսնիացի խորհրդարանական Միլիցա Մարկովիչը Բաքու էր այցելել «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրազրկելու մասին» զեկույց նախապատրաստելու նպատակով:
Արդյոք Մարկովիչի այս քայլը կարելի է քաղաքական շանտաժ համարել՝ ուղղված ԼՂՀ-ի դեմ, Orer.am-ը պարզեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ զրույցում, ով ընթացող գործողությունները պրոֆեսիոնալիզմի բացակայություն համարեց: «Այս քայլը համարում եմ պրոֆեսիոնալիզմի բացակայություն եւ կողմնակալության դրսեւորում»,- նշեց Դավիթ Բաբայանը հավելելով, թե, իհարկե, վատ է, որ եվրոպացի այդ պաշտոնյան բացեիբաց ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել: «Այս ամենից «խավիարի» հոտ է գալիս: Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարին և «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խմելու ջրից զրկելու» մասին Մամեդյարովի հայտարարությանը, ապա պետք է հիշեցնեմ, որ տարիներ առաջ պաշտոնական Ստեփանակերտն առաջարկել է ինչ-որ քանակությամբ ջուր տրամադրել Ադրբեջանին, սակայն Ադրբեջանը պատասխանել է, որ սահմանամերձ շրջանների բնակչության` գյուղատնտեսությունից ստացած եկամուտները, նավթի վաճառքի եկամուտների հետ համեմատած, չնչին են: Փաստորեն, այդ երկրի իշխանություններն իրենց քաղաքացիների կարիքները հաշվարկում են նավթադոլարներով»,- ասաց նա:
Շարունակելով խոսքը ադրբեջանական պահվածքի մասին՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նկատեց. «Ադրբեջանի պահվածքը պարզ է` նրանք միշտ էլ դիմում են նման սադրանքների, սակայն երբ նման ոճով հանդես են գալիս նաեւ եվրոպական կառույցների ներկայացուցիչները, ապա հենց դա է ավելի մեծ հարված հասցնում ժողովրդավարությանը: Այդ հայտարարությունը դեմ է ժողովրդավարական բոլոր սկզբունքներին ու նորմերին»:
Իսկ թե ինչ են ընդգծված ձեւով փորձում ցույց տալ այսպես կոչված եվրոպական կառույցների որոշ ներկայացուցիչները, պարոն Բաբայանը նկատեց, թե նրանք փորձում են ցույց տալ, որ «իրենք առանց «խավիար» չեն կարող ապրել:
Սոսե Չանդոյան