Արդյո՞ք մոսկվայաբնակ հայերը պահպանում են եկեղեցական ծիսակատարություններն ու հայկական ավանդույթները
SocietyՀայաստանում ամուսնացող զույգերը անում են ամեն ինչ յուրատիպ եւ հիշվող պսակադրություն ունենալու համար: Շեղվելով ավանդութային ծիսակատարություններից՝ վերջիններս արարողակարգի մեջ են ավելացնում արդիական շտրիխներ, սակայն նույնը չես ասի արտերկրում ապրող հայերի մասին: Օրինակ՝ Ռուսաստանում հայերի համար կարեւոր պայման է եկեղեցում պսակադրվելն ու օրհնություն ստանալը. «ՌԴ-ում գտնվող գրեթե բոլոր հայերն անում են ամեն ինչ, որպեսզի պահպանեն Հայ առաքելական եկեղեցու ծիսակատարությունները»,- Orer.am-ի հետ զրույցում նշեց Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի իրավաբանական բաժնի տնօրեն Միքայել ուրարակիր Փարսադանյանը:
Խոսելով ամուսնությունների եւ մկրտությունների մասին՝ Միքայել ուրարակիրը ընդգծեց, որ այնտեղ բնակվող յուրաքանչյուր հայի համար մեծ կարեւորություն է եկեղեցով ամուսնանալն ու Աստծո օրհնությունը ստանալը: «Նույնը կարող եմ ասել մկրտությունների մասին, հայերը ցանկանում են, որ երեխաները պարտադիր կերպով մկրտվեն»,- ասաց վերջինս: Խոսելով ամուսնությունների եւ մկրտությունների թվի աճի մասին՝ Միքայել ուրարակիրը նկատեց, որ, ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալը միջին սանդղակի վրա է, քանի որ ամուսնությունների աննախադեպ աճ չի գրանցվել: «Ինչ վերաբերում է մկրտություններին, ապա ասեմ, որ այսօրվա հայկական ընտանիքներում ծնվում են ոչ թե մեկ կամ երկու երեխա, այլ երեքը, չորսը, ինչը բավական ողջունելի է եւ ուրախալի»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ մոսկվաբնակ հայերն իրենց պսակադրությունները հիմնականում անցկացնում են Սուրբ պայծառակերպության մայր եկեղեցում, որը բացվել է 2013 թվականի սեպտեմբերի 17-ին: Մեծ տաճարը նախատեսված է միայն պատարագների, ձեռնադրությունների համար, իսկ Սուրբ խաչ եկեղեցում արդեն կատարվում են մնացած ծիսակատարությունները` մկրտություններ, պսակներ, հոգեհանգիստ: