Ապրիլի 24-ին եկեղեցի է այցելել տասը հազարից ավելի մարդ. Միքայել ուրարակիր
SocietyՌԴ մայրաքաղաք Մոսկվայում այս տարի ապրիլի 24-ի նախաշեմին բացվեց հայկական ազգային մշակույթի յուրատիպ թանգարանը: Մոսկվայի Հայկական թանգարանը Հայաստանի սահմաններից դուրս իրագործված ամենամեծ թանգարանային նախագիծն է, որի ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 2000 քառակուսի մետր: Անցնելով թանգարանի «Կյանքի միջանցքներով»՝ այցելուները կարող են ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը նկարների միջոցով, որտեղ ներկայացված են նաեւ հազարամյա հնագիտական գտածոներ: Մեկ այլ սրահում` դիմանկարներ բաժնում, ներկայացված են Հայոց ցեղասպանության զոհ դարձած եւ մազապուրծ հայոց մեծերի դիմանկարները: Դե իսկ «վիրտուալ գլոբուսից» հետաքրքրասեր այցելուները կարող են տեղեկանալ հայոց սփյուռքի պատմությանն ու աշխարհագրությանը:
Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու տաճարային համալիրի տարածքում գտնվող թանգարանի վերաբերյալ Orer.am- ը զրուցեց Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի իրավաբանական բաժնի տնօրեն Միքայել ուրարակիր Փարսադանյանի հետ: «Թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում, այն հայերի համար նաեւ մշակութային կենտրոն է: Թանգարանի դռները բաց են բոլոր այցելուների առաջ, այն անվճար է, ուստի մարդիկ ավելի շատ են հետաքրքրվում տեղի ունեցող ցուցադրություններով: Այս տարի ապրիլի 22-ին տեղի ունեցավ թանգարանի պաշտոնական բացումը, սակայն նույն ամսվա 24-ին դրա դռները բացվեցին բոլոր այցելուների առաջ: Պետք է նշեմ, որ թանգարանում մինչ օրս հիմնական ցուցադրությունը Հայոց ցեղասպանության թեմային է նվիրված»,- տեղեկացրեց վերջինս:
Անդրադառնալով թանգարանի բացման կարեւորությանը՝ Միքայել ուրարակիրը նաև ընդգծեց, որ այսօրվա դրությամբ եկեղեցին շատ մեծ կարեւորություն է տալիս հայապահպանությանը: «Ի տարբերություն մյուս ազգերի թանգարանների՝ մեր թանգարանն անվճար է, օրինակ հրեական Հոլոքոստի թանգարանը վճարովի է: Մարդիկ պետք է գան ու ծանոթանան մեր նախնիներին վերաբերվող բոլոր մանրամասներին»,- ասաց նա: Նրա խոսքով՝ մարդիկ, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով, խմբեր են կազմում թանգարան այցելելու համար:
Պատմելով ապրիլի 24-ին եկեղեցում տեղի ունեցած արարողությունների մասին՝ Միքայել ուրարակիր Փարսադանյանը հայտնեց, որ ապրիլի 24-ին մոտ տասը հազար մարդ էր եկել եկեղեցի: «Այդ օրը սրբադասման հետ կապված գովաբանական աղոթք էր եղել, որին ներկա էին մեծ թվով հավատացյալներ, թեպետ եղանակային պայմաններն այդքան էլ լավը չէին: Մարդիկ եկել էին իրենց աղոթքը բարձրացնելու առ Աստված՝ վառ պահելով 1915 թվականին սպանված հայերի հիշատակը: Պետք է նշեմ, որ այդ օրը եկեղեցի են այցելել քույր եկեղեցիների, ինչպես նաեւ պետական կառույցների ներկայացուցիչներ»,- տեղեկացրեց վերջինս: Ըստ ռուսահայոց թեմի առաջնորդի՝ ռուս ազգի մասնակցությունը ապրիլքսանչորսյան եկեղեցական արարողություններին մեծ է եղել: «Պատճառն այն չէր, որ նրանցից շատերը հրավեր ունեին, նրանք այստեղ էին գտնվում՝ հարգելով մեզ եւ մեր նախնիների հիշատակը: Հատկանշական է այն, որ եկեղեցի էին այցելել ոչ միայն ռուսներ, այլեւ այլազգիներ, որոնց թվում կային նաեւ մուսուլմաններ: Նրանք բոլորը կիսում էին մեր ցավը՝ մտահոգություն հայտնելով այն մասին, թե կգա մի օր, երբ Թուրքիան պաշտոնապես կընդունի կատարված ոճրագործությունը՝ որպես Ցեղասպանություն»:
Սոսե Չանդոյան