Զարզանդն ուր, պետության կողմից դպրոցին պատվիրված շրջանավարտի կերպարն ուր. Անահիտ Բախշյանը՝ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահին փոխտնօրեն նշանակելու մասին
InterviewԱյսօր տեղեկատվություն տարածվեց առ այն, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնազորի պետ Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն: Հաշվի առնելով Նիկողոսյանի առնչությունը բազմաթիվ քրեական պատմություններին՝ այս լուրը սուր քննադատություններով ընդունվեց:
Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն Orer.am-ի հետ զրույցում ասաց. «Մեկնաբանության կարիք չունի այն փաստը, որ Զարզանդը փոխտնօրեն է, այն էլ մասնագիտական աջակցության գծով: Այստեղ արձանագրենք, որ մասնագիտական աջակցության գծով փոխտնօրենի պարտականությունների մեջ մտնում են նախ՝ կազմակերպել երեխաների դաստիարակության, ժամանցի հարցերը, անցկացնել միջոցառումներ, որոնք կնպաստեն, որպեսզի ապագա քաղաքացին ունենա ազնիվ, առաքինի կերպար: Հիմա Զարզանդն ուր, պետության կողմից դպրոցին պատվիրված շրջանավարտի կերպարն ուր: Զարզանդը հակացուցված է դպրոցին և երեխաներին»:
Ըստ տիկին Բախշյանի՝ սա ցույց է տալիս մեկ բան՝ այս իշխանությունը ոչ մի շահագրգռվածություն չունի ունենալ այն շրջավարտին, որին ինքն օրենքով պատվիրում է դպրոցին: Մեր զրուցակցի համար տարակուսելի է այն իրողությունը, որ պետությունը պատվիրում է մի շրջավարտի կերպար և նկարագիր, իսկ երեխաների դաստիարակությամբ զբաղվում է դրա ճիշտ հակառակ կերպարը, որը հակացուցված է կրթությանը: Մեր հարցին՝ ինչպե՞ս դա կանդրադառնա դպրոցի բարքերի վրա, կրթության փորձագետը պատասխանեց, որ այդ նկարագիր ունեցող մարդը նույն վարքը պետք է ունենա դպրոցում՝ երեխաների և դեռահասների հետ: «Ինքը հո չի՞ փոխվելու»,- ասաց վերջինս:
Լևոն Փանոսյան