Այս զբոսայգին յուրօրինակ հուշակոթող է բաց երկնքի տակ. Ասպրամ Կրպեյան
InterviewՆոր Նորք վարչական շրջանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի ազգային հերոս, Արցախյան ազատամարտի նահատակ Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամներն ու համայնքի բնակիչները մասնակցեցին Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հանդիսավոր բացմանը:
Ինչպես իր ելույթում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, օրն իսկապես խորհրդանշական է նաև այն առումով, որ Արցախյան ազատամարտի հերոսի անունը կրող այգու բացումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրը, այն անկախության, հանուն որի իր կյանքը զոհաբերեց նաև Թաթուլը։ «Վստահ եմ, որ այս այգին իր ուրույն տեղը կունենա մայրաքաղաքի կյանքում և համապատասխան հենք կհանդիսանա մեր երկրում հայրենասիրական գաղափարական և հատկապես մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության համար: Վստահ եմ՝ մանուկ սերունդն այս պուրակում հանգստանալով, ուսումնասիրելով և ծանոթանալով այստեղ տեղադրված հուշակոթողների պատմությանը, հաստատապես փորձելու է նմանվել հայրենիքի նվիրյալ մեր անվախ հերոսներին»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս, կարեւորելով այգու վերաբացման եւ այն Թաթուլ Կրպեյանի անունով կոչելու գաղափարը, նշեց, որ այգին կդառնա հայրենասիրության ու հերոսության դասերի յուրօրինակ բաց լսարան: «Իմ խորին համոզմամբ՝ այս այգին կդառնա հայրենասիրության ու հերոսության դասերի յուրօրինակ բաց լսարան, որտեղ մեր սերունդները ոչ միայն կհանգստանան, այլև հնարավորություն կունենան կազմակերպել հայրենասիրական միջոցառումներ՝ այդպիսով վառ պահելով մեր հերոսների անուններն ու յուրովի հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Հարկ է նշել, որ այգու մի հատվածում հանդիսավորությամբ բացվեց նաև 2014թ. նոյեմբերի 12-ին խոցված ԼՂՀ ՊԲ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակին նվիրված հուշարձանը, որտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին պաշտպանության նախարարն ու այգու բացմանը ներկա գտնվողները:
Թաթուլ Կրպեյանի դուստրը` Ասպրամ Կրպեյանը, Orer.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այգու բացմանն իրենց ընտանիքը վաղուց էր սպասում: «Այս զբոսայգին յուրօրինակ հուշակոթող է բաց երկնքի տակ, որտեղ կրթվելու եւ դաստիարակվելու է մատաղ սերունդը, որտեղ շատ հետաքրքրիր համադրությամբ ամփոփված են Արցախյան ազատամարտի հերոսների աճյուններն ու որտեղ նոր կյանքն է ծաղկում: Այստեղ նոր սերունդն իր ուրախ ու խաղաղ օրն է կերտելու: Այգու բացումն ինձ համար նշանակալից է նրանով, որ մեր ընտանիքը վաղուց սպասում էր այս իրադարձությանը` այգու բացմանը, ցանկանում էինք, որպեսզի հայրիկի արժանի ներկայությունը լինի Երեւանում»,- ասաց Ասպրամ Կրպեյանը:
Ի դեպ, ինչպես տեղեկացրեց վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, այգու վերականգման գաղափարը վաղուց էր ծագել: «Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման տարածքին հարակից նոր զբոսայգին կառուցվել է Երևանի համայնքային 2014թ. ծրագրերի շրջանակում։ Թաթուլ Կրպեյանի անվամբ նորակառույց զբոսայգին անվանակոչվել է Երևանի ավագանու 2015թ. մարտի 18-ի N299-Ն որոշմամբ: Բոլորս հպարտություն եւ ոգեւորություն ենք ապրում այսօրվա կատարած մեր աշխատանքով»,- նշեց վերջինս:
Սոսե Չանդոյան