Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողը շարունակում է լռել
SocietyՄոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 5-ին, իր տանը դաժանորեն սպանվեց նարեկաբույժ, հիրոմանտ, պայծառատես Անի Մաջնունյանը: Իրավաբանների կազմակերպված և օպերատիվ գործողությունների արդյունքում սպանության մեջ մեղադրվողի անունը շատ չանցած հայտնի դարձավ հասարակությանը: Դեպքն այնքան ցնցող էր, որ լրատվամիջոցները սկսեցին հնարավոր բոլոր մարդկանցից տեղեկություններ հայթայթել էքստրասենսի մասին` հաճախ անցնելով նաև թույլատրելիի սահմանները: Օրեր անց Անիի գործընկեր և նախկին կողակից Գաբրիել Փանյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ թեև հավատում է սպանության բացահայտման վարկածին, բայց նշել էր, որ նման ձևով սպանություն կատարողը պետք է, որ լավ պատրաստված պրոֆեսիոնալ լիներ և իր կարծիքով` Մուշեղ Մխիթարյանը նման սպանություն չէր կարող կատարել: Գաբրիելը նշել էր նաև, որ Անիին հասցված դանակի հարվածների խորությունն իրեն թույլ է տալիս ենթադրել, որ սպանություն կատարողը կարող էր կին լինել, քանի որ կինը դանակը մինչև վերջ խրել չի կարողացել: Գաբրիել Փանյանը նշել էր նաև, որ ինքը ենթադրում է, որ ամենայն հավանականությամբ, Մուշեղը երկար չի ապրի՝ կա´մ բանտախցում իրեն կկախի, կա´մ ապուրով կթունավորվի:
Հակասություններով լի այս վարկածները որքանո՞վ կարող են իրականությանը համապատասխանել, դեռ հայտնի չէ, սակայն նշենք, որ նմանը չունեցող այդ դաժան սպանությունից արդեն անցել է մեկ ամսից ավելի և դեռևս տեղեկություն չկա, թե նարեկաբույժի սպանության մեջ մեղադրվող միակ կասկածյալից՝ 20-ամյա Մուշեղ Մխիթարյանից բացի, կան այլ կասկածյալներ, թե ոչ:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Orer.am-ին տեղեկացրեցին, որ այս պահին Անի Մաջնունյանի սպանության գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է: Այլ ձերբակալվածներ չկան: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահոգեբուժական, դատահոգեբանական, ինչպես նաև դատահետքաբանական փորձաքննություններ, սակայն դեռևս պարզ չէ, թե փորձաքննությունների արդյունքները երբ կստացվեն, քանի որ դա երկարատև գործընթաց է և այս պահին հստակ ժամկետ նշել չեն կարող:
Հիշեցնենք, որ Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Առաջադրված մեղադրանքներով կասկածյալն իրեն մեղավոր չի ճանաչում և հրաժարվում է դեպքի մասին որևէ ցուցմունք տալ: