Որքանո՞վ է սպասելի Ռ. Քոչարյանի վերադարձը ՀՀԿ-ի համար. մեկնաբանում է ՀՀԿ-ական պատգամավորը
InterviewՕրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տվեց իր հերթական հարցազրույցը, որը, ինչ խոսք, իշխող կլանի ներկայացուցիչների համար ամենահաճելիներից չէր: Նախկին նախագահը, դեռ չխոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, հարցազրույցի իր առաջին հատվածում բարձրաձայնել է վերջերս տեղի ունեցած զարգացումները` Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, դրանից բխած հետեւանքներ, արտագաղթ, տնտեսական խորը ճեղքվածք: Նկատենք, որ Ռ. Քոչարյանն իրեն ուղղված այն հարցի վերաբերյալ, թե արդյոք պատրաստվում է վերադառնալ քաղաքական կյանք նշել էր. «Երբեք մի´ ասա երբեք»:
ՀՀ 2-րդ նախագահի հնարավոր վերադարձի շուրջ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ:
- Պարոն Ալեքսանյան, որքանո՞վ էր սպասելի Ռ. Քոչարյանի վերադարձը ՀՀԿ-ի համար:
-ՀՀԿ-ն ունի իր թեկնածուն, որը մեր կուսակցության նախագահն է: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի` քաղաքական կյանք վերադառնալուն, ապա ես դա շատ բնական եմ համարում: Նա բավական հեռատես անձնավորություն է: Եթե Ռոբերտ Քոչարյանը նկատի, որ կան ռեսուրսներ` իր վերադարձի հետ կապված, ապա նա հետ կգա: Նկատենք, որ իր բոլոր հարցազրույցներում նա ո'չ հերքում է ու ո'չ էլ հաստատում իր վերադարձը: Տվյալ հարցի հետ կապված՝ ՀՀԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի այն ժամանակ, երբ հստակ իրավիճակ ձեւավորվի: Այն, որ ՀՀԿ-ն ձգտելու է խորհրդարանական ընտրություննրում լավ ձայներ ստանալ, միանշանակ է:
- Եթե անկեղծ խոսենք, ՀՀԿ-ում ՀՀ 2-րդ նախագահի վերադարձի կապակցությամբ քննարկում երբեւէ եղե՞լ է:
-Ո'չ, նման բան չի եղել: Նման քննարկումների համար դեռ շուտ է` անձնավորված քննարկումները վերջում են լինում: ՀՀԿ-ում քննարկումներ կարող են լինել սահմանադրական փոփոխություններից հետո` կուսակցության հետ կապված խնդիրների առնչությամբ:
-Իսկ դուք որքա՞ն եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կյանք ինտեգրվելու հնարավորությունները:
-Ընդհանրապես յուրաքանչյուր մարդ, ով մեկ անգամ արդեն ընտրվել է ու ինչ-որ պաշտոն է ունեցել, ավելի խոցելի է, քան անփորձ մարդը: Հետ գալը միշտ մեծ դժվարություն է ներկայացնում, որովհետեւ տվյալ անձն արդեն ինչ-որ հետքեր է թողել: Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ խոցելի տեղեր ունի: Տասը տարի անց քաղաքական դաշտ վերադառնալը բավական բարդ բան է, սակայն, ինչպես ասում են, քաղաքականության մեջ որեւէ բան չի բացառվում:
Սոսե Չանդոյան