«Գազպրոմն» ուղղակի թալանում է հայ ժողովրդին. Ա. Սադոյան
SocietyՀանրային խորհրդի անդամ, ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանի կարծիքով՝ շատ ցավալի է, որ սեպտեմբերի 7-ին կայացած Սարգսյան-Պուտին հանդիպումը Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի գնի իջեցման ֆոնի վրա ներկայացվեց: Սադոյանի խոսքով իրականում այն նախօրոք որոշված քայլ էր և այդ մասին հայտնի էր դեռևս մեկ ամիս առաջ: Նույն ձևով երկու երկրների վերջին հանդիպման հետ է կապվել նաև ռուսական կողմի Հայաստանին տրամադրվող 200 մլն դոլարի վարկի հարցը: Այնինչ, ըստ Սադոյանի, այդ հարցը նույնպես ոչ միայն նախօրոք էր հայտնի, այլև նույնիսկ քննարկվել էր ԱԺ-ում: «Այսինքն՝ այդ հարցերը վերջին հանդիպման ժամանակ չեն լուծվել, բայց քանի որ պետք էր նշել, որ հանդիպումը կարևոր էր, դրա համար էլ այն մատուցվեց այդ հանդիպման շրջանակներում»,- Orer.am-ին ասաց Ա. Սադոյանը:
Ըստ Սադոյանի՝ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը սահմանին նվազեցնելու մասին հարցը պայմանավորված էր Հայաստանի ԵՏՄ անդամակցությամբ, միևնույն ժամանակ ընդգծելով, որ իրականում գազի գինն ամենևին էլ չի էժանացել: «Եթե իրականում այդ էժանացումը ժողովրդին չի հասնում, ապա դա պրակտիկորեն նշանակում է, որ գազի գինը մնացել է նույնը: Այդպիսի կեղտոտ բլեֆը ներկայացնելը, որպես դրական վերաբերմունք մեր հյուսիսային բարեկամի կողմից ուղղակի զարմանալի է: Գազ մատակարարողը Ռուսաստանն է, «Գազպրոմ»-ն էլ ամբողջությամբ իրեն է պատկանում և արհեստականորեն ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի, հայաստանաբնակների ու Հայաստանի տնտեսության համար գազի գնի իջեցումը որևէ օգտակար քայլ չի կարող լինել: Այս պայմաններում ծիծաղելի է, երբ ասվում է, որ գազի գինը սահմանին էժանացել է»,- ասում է Ա.Սադոյանը:
Սադոյանի խոսքով՝ այսօր գազի գինն աշխարհում օր օրի է նվազում, քանի որ ԱՄՆ-ը և շատ այլ երկրներ, եթե տարիներ առաջ համարվում էին գազ ներկրողներ, ապա ներկայումս մի քանի անգամ ավելի շատ ու էժան գազ են արտադրում: Ուստի այդ պայմաններում ծիծաղելի է ասել, որ գազի գնի էժանացումը ռուսական կողմի բարի կամքի դրսևորումն էր հայկական կողմի հանդեպ: «Գազը պետք է էժանանար, որովհետև աշխարհում է այն էժանացել: Եվ, բնականաբար, այն ոչ միայն պետք է էժանանար սահմանին, այլ բնակչության համար: Փաստորեն, ստացվում է մի իրավիճակ, երբ «Գազպրոմը» որևէ ներդրում չկատարելով մոտ երկու անգամ ավել գնով գազ էր մատակարարում բնակչությանը, իսկ հիմա ևս 25%-ով ավելի ցածր գնով է գազ ստանալու: Ստացվում է, որ առանց աշխատանք անելու «Գազպրոմ»-ն ուղղակի թալանում է հայ ժողովրդին: Եվ այդ մեխանիզմի մեջ ավելացել է որոշակի տոկոսով ավելի թալան»,- ասում է Ա.Սադոյանը:
Նրա կարծիքով՝ սա այն դեպքն է, երբ կրկին անհրաժեշտ է հավաքվել Բաղրամյան փողոցում և ստիպել, որ վերջ տրվի այս թալանին, իսկ ստացվող եկամուտները համակարգի արդիականացմանն ուղղելու քայլը Ա. Սադոյանը լկտի սուտ է համարում, քանի որ, ըստ նրա, ո´չ համակարգը ու ո´չ էլ խողովակները գազ մատակարարելու ժամանակ չեն մաշվում: Իսկ ինչ վերաբերում է նոր բնակավայրերի գազաֆիկացմանը, ապա ԱԺԴ կուսակցության ղեկավարի խոսքով Հայաստանը նախկին ԱՊՀ երկրներից ամենագազաֆիկացվածն է և ամեն ինչ ունի ազգաբնակչությանը նորմալ գազ մատակարարելու համար: «Նոր խողովակներ էլ չեն տեղադրվում և ինչ ներդրումների մասին կարող է խոսք լինել: Գուցե պետք է, որ «Գազպրոմ»-ի շենքի մոտ մի հարյուր հատ ավելի «Մերսեդես» կանգնի՞: Բացարձակապես անթույլատրելի են նման պնդումները և ես կարծում եմ, որ մեր շարժման մասնակիցները պետք է թույլ չտան, որ նման կեղծիքները շարունակվեն: Եթե հայ ժողովուրդը չի կարողանում բողոքել, «Գազպրոմ»-ն էլ ինչ ուզի կանի»,- ասում է Ա. Սադոյանը: