Եթե Հայաստանը գրավելու «հետաքրքրություն» առաջանա, ապա այն շատ արագ կմարի. Ս. Շաքարյանց
Interview«Իսլամական պետություն» խմբավորումը գնալով հզորանում է՝ իր տիրապետության տակ պահելով Իրաքի հյուսիսարևմտյան և կենտրոնական շրջաններն ու Սիրիայի արևելքը: Ռուս վերլուծաբանների կարծիքով՝ այն սկսել է վտանգ ներկայացնել նաև Ռուսաստանի և Հյուսիսային Կովկասի համար, քանի որ «Իսլամական պետություն» խմբավորման ներկայիս հովանավորները նախկինում չեչեն անջատողականների հովանավորներն են եղել: Վերջիններս կարծում են, որ խմբավորումը վտանգ է ներկայացնում նաև Եվրոպայի համար և նրա դեմ արդյունավետ պայքարելու համար գերտերությունները պետք է մի կողմ թողնեն սեփական ամբիցիաները և համատեղ ուժերով պայքարեն նրանց դեմ:
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով՝ «Իսլամական պետություն» խմբավորումը Կովկասյան հանրապետություններից Հայաստանի համար ուղղակիորեն սպառնալիք չի կարող լինել, քանի որ այստեղ մահմեդական բնակչություն չկա, իսկ Վրաստանը մտածելու խնդիր ունի, քանի որ իր երկրում ապրում են մուսուլմանական տարբեր ուղղությունների դավանանող մուսուլմաններ: «Բայց, ընդհանուր առմամբ, «Իսլամական պետություն» խմբավորումը չի կարող մեծ սպառնալիք լինել Հարավային Կովկասի համար: Չի բացառվում, որ այդ տարածաշրջանի որոշ հատվածներում ահաբեկչական գործողությունների ականատես լինենք, որին հակազդելու ձևերը, սակայն Ռուսաստանը դեռ 90-ականներից տիրապետում է: Մտավախություններ կան Ադրբեջանի կողմից, սակայն իմ կարծիքով, այդ դեպքում Իրանը կներխուժի Ադրբեջան և կոչնչացնի ցանկացած սպառնալիք»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց է Ս. Շաքարյանցը:
Քաղաքագետի կարծիքով՝ «Իսլամական պետություն» խմբավորումների կողմից երբ, ինչ ձևով ու բովանդակության ահաբեկչություն կձեռնարկվի, կամ առհասարակ կձեռնարկվի՞ արդյոք, դժվար է ասել, բայց խմբավորման կողմից Կովկասը գրավելու վարկածի հավանակությունը 100 տոկոսով բացառված է: Ս. Շաքարյանցի խոսքով՝ Հայաստանը նրանց «պլաններում» իրականում չկա, իսկ եթե հանկարծ նման «հետաքրքրություն» առաջանա, ապա շատ արագ կմարի:
Արմինե Գրիգորյան