Գերժամանակակից Սահմանադրությունը հանկարծ չմատնվի բիոզուգարանների «բախտին»
AnalysisՀայաստանի անկախացումից ի վեր, արդեն երրորդ անգամ է, որ երկրի ներսում ու նրա սահմաններից դուրս ամենաքննարկվող հարցը կրկին Սահմանադրությունն է: Բայց այստեղ մի հետաքրքիր բայց կա… Պարզվում է, որ երկրի անկախացումից հետո ամեն տասը տարին մեկ այն փոխելու անհրաժեշտություն է առաջանում: Առաջին Սահմանադրությունն ընդունվեց 1995թ.՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք: Տասը տարի հետո՝ 2005թ., այն համարվեց ծերացած, անպետք ու փոփոխման ենթակա: Այդ ժամանակ երկրի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր: Անցավ ևս տասը տարի և Հայստանի երրորդ նախագահի օրորք՝ 2015թ. էլ պարզվեց, որ նախորդ երկու Սահմանադրություններն էլ առանձնապես մի բան չեն եղել՝ մեկը մարդակենտրոն է եղել, մյուսը չի կարողացել լուծել մարդակենտրոնությունից ազատվելու հարցը ու նորից այն փոխելու անհրաժեշտություն է առաջ եկել: Ստացվում է, որ Սահմանադրությունն էլ կահույքի նման մի բան է, տասը տարին մեկ կա´մ պետք է հինը նորոգելու տալ, կա´մ այն նետել աղբանոց ու նորը գնել:
Օրերս ՀՀ Ազգային ժողովում ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը մի ուշագրավ հայտարարություն արեց: Նա ներկաներին «հիշեցրեց», որ իրականում Սահմանադրություններն ստեղծվում են երկար կյանք ունենալու ակնկալիքով, բայց, ափսոս, շրջանցեց, թե ինչու իրենց չի հաջողվում այդ «ակնկալիքը» իրականություն դարձնել և ինչո՞ւ է ամեն տասը տարին մեկ հանկարծ պարզվում, որ այս անգամ էլ նրանց չի հաջողվել «ժողովրդավարություն» ասվածը հաստատուն հիմքերի վրա մատուցել հայ հասարակությանը:
Եվ ամեն տասը տարին մեկ դեմքի անմեղ արտահայտությամբ նույն մարդիկ նույն ամբիոններից սկսում են հայտարարել, որ նախորդ տասը տարիների ընթացքում մարդու հիմնարար իրավունքները հուսալիորեն պաշտպանված չեն եղել և, չգիտես ինչու, հնարավոր չի եղել ձևավորվել կառավարման արդյունավետ համակարգ: Այստեղ տեղին է հիշել Հրայր Թովմասյանի պատկերավոր խոսքը նախորդ Սահմանադրությունների մասին. «Առաջին Սահմանադրությամբ բոլոր ձվերը դրված էին մեկ զամբյուղի մեջ ու այն տվել էին երկրի նախագահին, երկրորդ Սահմանադրությամբ նույն ձվերը դրվեցին երեք տարբեր զամբյուղների մեջ ու նորից տվեցին նախագահին»:
Հիմա հարց է ծագում, թե երկիրն ավելի ժողովրդավարական դարձնելու համար Սահմանադրության հեղինակներն այս անգամ «ձվերը» քանի՞ զամբյուղում են դրել և ո՞ւմ են ուզում տալ: Վստահ կարելի է պնդել, որ այս Սահմանադրության նույն հեղինակները մի տասը տարի անց էլ դեմքի նույն արտահայտությամբ նորից կհայտարարեն, որ թեև իրենք ջանք ու եռանդ չէին խնայել, որ տարբեր «ձվերը» իրենց թեթև ձեռքով դրվեն ամենաժամանակակից, ամենաորակյալ, ամենաեվրոպական, ամենա-ամենա չափանիշներին համապատասխանող զամբյուղներում ու այն բաշխել ամենաարդար ձևով, բայց դրանց պիտանելիությունը նորից շատ ցածր եղավ, ինչպես 170 հազար դոլարանոց բիոզուգարանների դեպքում:
Ու չնայած նրան, որ բարձր տեխնոլոգիաներով հագեցած գերժամանակակից այդ ագրեգատները, թեև գնից սկսած մինչև պիտանելիության աստիճանը, աշխարհի ամենա-ամենացնցող զուգարաններն էին, բայց Հայաստանում այն ոչ մի օր էլ չծառայեց մարդկանց, որովհետև, ցավոք, դրանցից օգտվելու համար հատուկ կրթություն ու վերապատրաստում էր պետք, թեև մարդկանց պահանջը նույնն է՝ արագ ազատվել իրենց տանջող «հոգսից»:
Իրականում ի՞նչ կապ ունի, թե Սահմանադրությունում իրենց որակով ու քանակով քանի՞ ժամանակակից ու նորարակական արտահայտություններ կան, կարևորը մարդկանց գիտակցությունն է, որն առայժմ, ցավոք, դեգերում է ճորտատիրականի ու ֆեոդալականի մեջտեղում ու դժվար է պատկերացնել, որ նման գիտակցական հենքով առաջիկա տարիներին մարդիկ կարողանան դառնալ ավելի ժողովրդավարական արժեքների կրողն ու փոխանցողը:
Արմինե Գիրգորյան