Բա Նազարյանն ասում էր, թե ՀԷՑ-ը չի գմփա
Society«Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին:
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ գործադիրի ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ մարմիններին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ արդարադատության, ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարներին, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի N 668 որոշմամբ հաստատված ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները, ուսումնասիրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել և մշակել պայմանագրի նախագիծ, որով «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը ամբողջովին կստանձնի ՀՀ կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից բխող գնորդի բոլոր պարտավորությունները: Պատկան գերատեսչություններին հանձնարարվել է նաև ուսումնասիրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջև կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի օտարման պայմանագիրն ու տալ եզրակացություն:
ՀԷՑ ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի օտարման վերաբերյալ ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը Orer.am-ին ասաց, որ հրաժարվում է այդ մասին որևէ մեկնաբանություն տալ, իսկ այն հարցին, թե ինչու «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ն որոշում կայացրեց ՀԷՑ ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը օտարել մինչև աուդիտի եզրակացությունն ստանալը, Ն. Սարջանյանը պատասխանեց, թե մեկը մյուսի հետ կապ չունի: «ՀԷՑ-ը մինչը սեպտեմբերի 30-ը աուդիտ անցկացնելու հայտ էր ներկայացրել, որից հետո պետք է հաղթող ճանաչվի և դրանից հետո աուդիտը կիրականացվի»,- ասաց Ն.Սարջանյանը:
Այն հարցին, թե ինչու ընկերությունը չի սպասում աուդիտի պատասխանին, կամ արդյոք մոտավորապես չի կանխատեսում, թե ինչպիսին կլինի աուդիտի պատասխանը, դրա համար էլ օր առաջ որոշում է կայացրել վաճառել բաժնետոմսերը, Ն.Սարջանյանը կրկին նույն առոգանությամբ պատասխանեց. «Մեկը մյուսի հետ կապ չունի»:
Այն, որ ոչինչ հենց այնպես չէր կարող լինել, պարզից էլ պարզ է: Պարզ է նաև այն, որ իրականում բաժնետոմսերի, այն էլ 100 %-ով վաճառքն ուղղակի կապված է համակարգում առկա մութ գործարքների բացահայտման հետ: Եվ այն, որ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի, դա էլ դժվար չի կանխատեսել: Մնում է հասկանալ, թե իրականում, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր մտահոգվում, ՀԷՑ-ը մինչ այդ «հո չի՞ գմփա»:
Արմինե Գրիգորյան